Պետական մակարդակով դրսևորվում է կապերն ընդարձակելու ցանկություն
Հայաստանի երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում վերջին օրերին նկատվում է որոշակի ակտիվություն, որին հատուկ են և՛ համագործակցությունն ամրապնդելու հավաստիացումներ, և՛ փոխադարձ անվստահության մասին վկայող մեկնաբանություններ:
Անցած տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական և տրանսպորտային կապերն ընդարձակելու հարցերը:
Աբդոլահիանը հայտնել է միջկառավարական հանձնախմբում իրանական կողմից նոր համանախագահ նշանակելու մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները:
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին հաղորդել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևի հետ հանդիպման մասին և այն «կառուցողական» է որակել: Քննարկվել են Հարավային Կովկասի վիճակն ու երկկողմ հարաբերությունները:
Այդ քննարկումներից հետո Ադրբեջանում Իրանի դեսպան Մուսավին մեկնել է Թեհրան, որտեղ զեկույց է ներկայացրել Աբդոլահիանին: Ըստ Trend լրատվական գործակալության, որը հղում է անում Իրանի արտաքին գերատեսչությանը, նախարարը դեսպանին հանձնարարել է «աշխատել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգացնելու և, մասնավորապես, մոտ ապագայում իրանա-ադրբեջանական տնտեսական համատեղ հանձնախումբ ձևավորելու ուղղությամբ»:
Ադրբեջանի մամուլը սպառնում է Իրանին
Մինչդեռ, այս գործընթացին զուգահեռ, Ադրբեջանի պետականամետ լրատվամիջոցները պարբերաբար տարածում են տեղեկություններ, որոնք վկայում են երկու երկրների հարաբերություններում առկա կնճռոտ հարցերի մասին: Ըստ Trend-ի, իրանական տելեգրամ ալիքները տարածել են տեսահոլովակ, որը պատմում է Իրանի Հեղափոխական գվարդիայի զորախաղերի մասին:
Դատելով հոլովակից, գվարդիայի զինծառայողները շարժվում է դեպի Իրանն ու Ադրբեջանը միացնող Խուդաֆերինի պատմական կամուրջը: Դրոշներից մեկին գրություն է՝ «Ճանապարհ դեպի Երուսաղեմ»:
Trend-ն այնուհետև գրում է, որ Թեհրանը հաշվի չի առնում մի կարևոր հանգամանք՝ այն, որ իրանական բանակը չի կարելի համեմատել երկու տարի առաջ 44-օրյա պատերազմում իր հզորությունը և ուժը ցուցաբերած ադրբեջանական բանակի հետ:
«Ադրբեջանն, ի տարբերություն Իրանի, ունի ոչ միայն ուժեղ բանակ, այլև վստահելի միջազգային գործընկերներ, ուստի, իրանական ցանկացած սադրանք ի սկզբանե դատապարտված է ձախողման»,- վստահեցնում է Trend-ը:
Իսրայելի դեսպանների հավաք Բաքվում
Հարկ է նշել, որ Իրանի թիվ մեկ ոխերիմ թշնամին Իսրայելն է: Թեհրանը ոչ միայն բացառում է այդ երկրի հետ որևէ պարագայում հարաբերությունները բարելավելու հնարավորությունն, այլ ընդհանրապես չի ընդունում Իսրայելի գոյության իրավունքը:
Մինչդեռ, Իսրայելն Ադրբեջանի մտերիմ բարեկամներից է և գերարդիական զենքի մատակարարը:
Մի հանգամանք վստահ զայրույթ է առաջացնում Թեհրանում՝ այս տարվա հունվարի 16-ից 18-ը Բաքվում նախատեսվում է Եվրասիայի տարածաշրջանի երկրներում Իսրայելի դեսպանների համաժողովը: Հունվարի 2-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնել է Էլի Կոհենը: Նա ասել է, որ ամենահրատապ խնդիրն է խափանել միջուկային զենք ստեղծելու Իրանի ծրագիրը:
«Աշխարհի երկրներն այլևս չեն կարող գլուխները թաղել ավազի մեջ»,- ասել է Իսրայելի արտգործնախարար նախարար Կոհենը:
Միջուկային զենքի խնդիրն անպայման կլինի Բաքվում դիվանագետների ժողովի օրակարգում, ինչը չի կարող չմտահոգել Թեհրանին:
Իրանի հայամետ հայտարարությունները ցավ են պատճառում Բաքվին և Անկարային
Ադրբեջանի ամենավստահելի դաշնակից Թուրքիան էլ ակնհայտ դժգոհություններ ունի Իրանի նկատմամբ:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը NTV թուրքական հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի նախատեսված այցը հետաձգվել է: Քալընը պատճառները չի նշել, հույս հայտնելով, որ այցն, այնուամենայնիվ, տեղի կունենա առաջիկա շաբաթներին:
Ապա Քալընը հետաքրքիր մեկնաբանություն է հնչեցրել, ասելով, թե «Իրանի հայամետ որոշ հայտարարություններ երբեմն ցավ են պատճառում մեզ, ինչպես նաև Ադրբեջանին»:
Քալընը նաև ընդգծել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը և Վրաստանը պետք է գործեն ներդաշնակորեն և միմյանց հետ բաց լինեն, «ինչը կընձեռի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հնարավորություն»: