Մատչելիության հղումներ

Պատերազմն այսօր հասել է նաև Բելառուս


Հրթիռի բեկորները Բելառուսի տարածքում
Հրթիռի բեկորները Բելառուսի տարածքում

Պաշտոնական Մինսկի հաղորդմամբ, այսօր առավոտյան բելառուսական ՀՕՊ ուժերը հրթիռ են խոցել, որի բեկորները հայտնաբերվել են Իվանովսկի շրջանի Գորբախա գյուղի դաշտում։

Այսօր ռուսական ուժերը կրկին ուժգին ռմբակոծել են Ուկրաինան, առավոտից բոլոր շրջաններում օդային տագնապ էր հայտարարվել։

Այս անգամ էլ թիրախում է եղել երկրի էներգետիկ ենթակառուցվածքը, մի շարք քաղաքների՝ Կիևի, Լվովի բնակիչները մնացել են առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման։ Պաշտոնական Կիևի գնահատականով, ռուսական կողմն արձակել է 69 հրթիռ, որոնց մեծ մասը ուկրաինական հակաօդային պաշտպանությունը կարողացել է չեզոքացնել։

Միխայիլ Պոդոլյակ
Միխայիլ Պոդոլյակ

Նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Թվիթերում հեգնել է, թե «Ամանորի շեմին այս զանգվածային հրթիռակոծությունից հետո էլ ոմանք կխոսեն խաղաղ կարգավորման մասին»․ - «Մենք սպասում ենք «խաղաղապահների» խաղաղ կարգավորման հետագա առաջարկներին «Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների» մասին»։

Կիևի մետրոյի կայարաններում ապաստանած մարդիկ ասում են, թե չեն վախենում, պարզապես արդեն հոգնել են մշտական հրթիռակոծություններից. - «Մենք ուղղակի հոգնել ենք: Փորձում ենք արձագանքել և գնալ ապաստարան, բայց դա ընդհատում է մեր կյանքը: Մենք չգիտենք, թե որքան կտևի պատերազմը։ Դժվար է ամեն օր վախենալ»։

Հերթական զանգվածային հրթիռակոծությանը զուգահեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական կայքում հրապարակել է տեղում արտադրվող թևավոր հրթիռներից մեկի լուսանկարը՝ «Կալիբրները երբեք չեն վերջանա» գրառմամբ։ Այս հրթիռները Ռուսաստանը արտադրում է արդեն երեսուն տարի և ակտիվորեն կիրառում է Ուկրաինայի դեմ պատերազմի առաջին օրվանից։ Արևմտյան փորձագետները պնդում են, թե ռուսական ռազմարդյունաբերությունը շուտով կանգնելու է խնդիրների առաջ, քանի որ նույն «կալիբրի» համար միկրոչիպեր են անհրաժեշտ, որոնք պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը չի կարող գնել։

Մինչ այդ հաղորդվեց, որ հերթական պայթյունն է տեղի ունեցել ռուսական ռազմական օդանավակայանի մոտ Սարատովի մարզում։ Ուկրաինայի սահմանից 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող էնգելսում առավոտյան աշխատել է հակաօդային պաշտպանությունը։ Մարզպետ Ռոման Բուսարգինը իր Թելեգրամ ալիքում գրել է. - «Էնգելսի շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգ է պայթել, անհայտ օբյեկտ է ոչնչացվել: Դեպքի վայր են ուղարկվել օպերատիվ ծառայություններ: Բնակիչների անվտանգությանը ոչինչ չի սպառնում, տարհանում չկա»։

Էնգելսի ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված են ռազմավարական ռմբակոծիչները, արդեն երրորդ անգամ է հարձակման է ենթարկվում այս ամսվա ընթացքում։ Չնայած մոտեցող Ամանորին, որը սիրված տոն է թե' Ուկրաինայում, թե' Ռուսաստանում, ռազմական գործողությունները ոչ միայն չեն դանդաղել, այլ հակառակը՝ այսօր կատաղի մարտեր են ընթանում ճակատի երկու հատվածներում՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում։ Տարեվերջին Ուկրաինայի և Ռուսաստանի զինված ուժերը շարունակական հակահարձակումներ են անցկացնում։ Ռուսները փորձում են ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Բախմուտի մոտ, ուկրաինացիները՝ ռուսականը Կրեմեննայայի մոտ։

Պատերազմն այսօր հասել է նաև հարևան Բելառուս, որի տարածքը Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայի վրա հարձակումների համար։ Պաշտոնական Մինսկի հաղորդմամբ, այսօր առավոտյան բելառուսական ՀՕՊ ուժերը հրթիռ են խոցել, որի բեկորները հայտնաբերվել են Իվանովսկի շրջանի Գորբախա գյուղի դաշտում։ Ըստ բելառուսակ կողմի, այդ հրթիռն արձակվել էր Ուկրաինայի տարածքից, С-300 համակարգից։ Զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան։ Ուկրաինանան միջադեպը դեռ չի մեկնաբանել։

XS
SM
MD
LG