Մատչելիության հղումներ

Պենտագոնի անանուն պաշտոնյաներ սպառնացել են ֆիզիկապես ոչնչացնել Ռուսաստանի նախագահին. Լավրով


ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով։

Պենտագոնի անանուն պաշտոնյաները փաստացի սպառնացել են հարվածել Կրեմլին և ֆիզիկապես ոչնչացնել Ռուսաստանի նախագահին, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, թե Մոսկվային զսպելու Արևմուտքի քաղաքականությունը չափազանց վտանգավոր է և կարող է միջուկային տերությունների անմիջական զինված բախման հանգեցնել։

«Վաշինգտոնը գնաց ամենահեռուն, այնտեղ Պենտագոնի որոշ «անանուն պաշտոնյաներ» իրականում սպառնացել են «գլխատման հարված» հասցնել Կրեմլին, իրականում խոսքը ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի մասին է։ Եթե ինչ-որ մարդիկ նման գաղափարներ ունեն, ապա պետք է շատ լուրջ մտածեն նման ծրագրերի հնարավոր հետևանքների մասին», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը չի հստակեցրել այս տեղեկության աղբյուրը, բայց արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Լավրովը հավանաբար նկատի է ունեցել Newsweek-ի հոդվածներից մեկը։ Այն հրապարակվել էր սեպտեմբերի վերջին, երբ Կրեմլը խոսում էր միջուկային զենքի կիրառման սպառնալիքից, և հոդվածում խոսվում էր այն մասին, թե ինչպես կվարվի ԱՄՆ-ը, եթե Ռուսաստանը իսկապես միջուկային զենք օգտագործի։ Newsweek-ի զրուցակիցներն ընդգծել էին, որ նույնիսկ այդ դեպքում ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, չի պատասխանի միջուկային զենքով, քանի դեռ իր տարածքը հարձակման չի ենթարկվել և միայն այդ պարագայում հնարավոր են այլընտրանքներ, ներառյալ «գլխատման հարվածը» Կրեմլին։ Իր հերթին Միացյալ Նահագների նախագահը բազմիցս ասել է, որ Վաշինգտոնը չի ձգտում Պուտինի ռեժիմի տապալմանը։

Լավրովը պետական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում կրկին պնդել է, թե ուկրաինական ճգնաժամը գլոբալ բնույթ ունի, իսկ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմավարական նպատակը Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն է։ Հակամարտության հիմնական շահառուն էլ, Լավրովի կարծիքով, Միացյալ Նահանգներն է. - «ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ բախման անընդունելիության մասին արևմտյան երկրների հայտարարությունները զուտ կեղծավորություն են։ Դաշինքի անդամներն արդեն դարձել են հակամարտության կողմ։ Վաշինգտոնն ու Կիևը ցանկացած պահի կարող են դադարեցնել անիմաստ դիմադրությունը։ Ապառազմականացման և դենացիֆիկացիայի մեր առաջարկները հայտնի են թշնամուն, մնում է ընդունել այդ առաջարկները: Հակառակ դեպքում՝ հարցը կլուծի ռուսական բանակը»։

Լավրովը նաև պնդել է, թե Խերսոնի, Զապորոժիեի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերի գրավված տարածքները Ռուսաստանի մասն են։

Մինչդեռ Խերսոնի մարզի մեծ մասից, այդ թվում Խերսոն քաղաքից ռուսները դուրս են եկել, իսկ Դոնցեցկի մարզում արդեն հինգ ամիս է, չեն կարողանում գրավել Բախմուտ քաղաքը։

Դոնբասում, որտեղ կատաղի մարտեր են, նախագահ Զելենսկու խոսքով, իրավիճակը չափազանց ծանր է, սակայն ուկրաինացի զինվորները կարողանում դիմակայել ռուսների չդադարող հարձակումներին. - «Բախմուտում, Կրեմիննայայում և Դոնբասի այլ շրջաններում իրավիճակն բարդ է և ցավալի: Եվ ես շնորհակալ եմ մեր բոլոր տղաներին, ովքեր կանգնած են դիրքերում, ամուր կանգնած և դեռ հնարավորություններ են գտնում ոչ միայն ոչինչ չկորցնելու, այլ նոկաուտի ենթարկելու օկուպանտներին»։

Երեկ նաև հաղորդվեց ուկրաինական սահմանից 700 կիլոմետր հեռու Էնգելսի ռազմավարական նշանակության օդանվակայանի վրա անօդաչու թռչով սարքով հարձակման մասին։ Պաշտոնական Կիևը չի ստանձնում նման հարվածների պատասխանատվությունը, սակայն ասում է, թե այդ հարվածները վկայում են, որ ռուսական կողմը կորցնում է վերահսկողությունը արդեն սեփական տարածքում։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակի խոսքով, Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացնում են այն ամենը, ինչ կապված է ռուս օկուպանտների հետ միայն Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Իսկ այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի ռազմական օբյեկտներում Ռուսաստանի տարածքում, անվանել է պատերազմի հետևանքներ և գործընթացների նկատմամբ վերահսկողության կորուստ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG