Մատչելիության հղումներ

«Ուկրաինան գնում է դեպի հաղթանակ». Զելենսկին ամենամյա ուղերձ է հղել Ռադային


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղում Գերագույն Ռադային, Կիև, 28-ը դեկտեմբերի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղում Գերագույն Ռադային, Կիև, 28-ը դեկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի նախագահը երեկ ավանդական ամենամյա ուղերձ է հղել Գերագույն Ռադային։ Վլադիմիր Զելենսկին իր ելույթը սկսել է նրանով, թե ինչպես են վերջին տասն ամիսները փոխել Ուկրաինան և աշխարհը։

«Մեր նպատակն է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ազատել բոլոր նրանց, ովքեր այժմ գտնվում են գերության մեջ», - հայտարարել է նա և տեղեկացրել, որ պատերազմի սկզբից ի վեր 1456 հոգի է վերադարձվել։

Ըստ Զելենսկու՝ ուկրաինացիներն օգնել են Արևմուտքին վերագտնել իրեն և վերադառնալ համաշխարհային ասպարեզ, և այժմ Արևմուտքում այլևս ոչ ոք չի վախենում Ռուսաստանից։ Հենց Ուկրաինան միավորեց Եվրամիությունը, պնդել է նա:

Զելենսկին նշել է, որ այս տարի Ուկրաինան ստացել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, բայց սա ձեռքբերումների միայն մի մասն է, քանի որ, նրա խոսքով, երկիրն այս կարգավիճակին արժանի էր դեռ 20 տարի առաջ:

Ուկրաինան, ըստ երկրի նախագահի, գնում է դեպի հաղթանակ, և կա ազգային միասնություն, գործող պետություն ու աշխարհի աջակցությունը։

Զելենսկին ասել է, որ պետք է լինի միջազգային տրիբունալ՝ «օկուպանտների ռազմական հանցագործների համար»:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի վերականգնումը կլինի Եվրոպայի ամենամեծ տնտեսական նախագիծը։ «Մենք կվերականգնենք կյանքի նորմալ ընթացքը Դոնբասի և Ղրիմի տարածքում», - ասել է նա:

«Արտերկրում գտնվող մեր միլիոնավոր մարդիկ չպետք է փախստական դառնան։ Մենք պետք է նրանց տուն բերենք», - նաև հայտարարել է Զելենսկին։

XS
SM
MD
LG