ԲելՏա բելառուսական պետական լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր առավոտյան Բելառուսի տարածքում S-300 տեսակի հրթիռ է ընկել:
Միջադեպը տեղի է ունեցել ժամը 10-ի և 11-ի սահմաններում: Տուժածների մասին տեղեկություն չկա: Պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն, հրթիռն ընկել է Բրեստի շրջանի Իվանովո գյուղի մոտակայքում:
Պատկան ծառայություններն այդ միջադեպի մասին անմիջապես տեղեկացրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Բելառուսի ուժային կառույցները վերլուծել են երկու հնարավորություն: Ըստ առաջինի, ուկրաինական ՀՕՊ համակարգի հրթիռը շեղվել է հետագծից և ընկել է Բելառուսի տարածքում: Վերջերս Լեհաստանում նման միջադեպ է տեղի ունեցել: Ըստ երկրորդի՝ ընկած հրթիռը խոցվել է Բելառուսի ՀՕՊ համակարգի կողմից:
Ավելի ուշ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ S-300 հրթիռը բելառուսական ՀՕՊ համակարգն է վայր գցել:
Ռուսաստանը և Ուկրաինան առայժմ չեն մեկնաբանել Բելառուսի տարածքում S-300 տեսակի հրթիռի ընկնելու թեման: