Մատչելիության հղումներ

Նոյեմբերի սկզբին «սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում». Քալըն


Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը

Այս ամսվա սկզբին «սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի տեխնիկական պատվիրակությունների հանդիպում», հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Շեշտելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական է ընթանում, տեղական հեռուստաընկերության եթերում նա ասել է, որ ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կիրականացվեն երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացումը և դիվանագիտական անձնագրերի թույլտվությունը:

Թեև երկու երկրների արտգործնախարությունները այս մասին պաշտոնապես չէին հաղորդել, բայց ավելի վաղ Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանն «Ազատությանն» ասել էր, որ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին. - «Սահմանին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի և Թուրքիայի համապատասխան մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը քննարկվել են պայմանավորվածությունների իրագործումը և ոչ միայն. քննարկվել են ընդհանուր առմամբ Հայաստան-Թուրքիա սահմանի ապաշրջափակման հետ կապված հարցերը»։

Թուրքիայի նախագահի խոսնակը թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացը պետք է ընթանա առողջ ճանապարհով՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հիմք ստեղծելու համար:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում կողմերի նշանակած հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ հիմա պաշտոնական չորս հանդիպում են ունեցել՝ առաջինը Մոսկվայում, մյուսները` Վիեննայում։ Իրենց վերջին հանդիպմանը՝ ամռանը, կողմերը համաձայնել էին հայ-թուրքական սահմանը մասնակի բացել երրորդ երկրների քաղաքացիների համար ու սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումները:

Հոկտեմբերի 6-ին էլ Պրահայում կայացել էր երկու հարևան երկրների առաջնորդների հանդիպումը անցած 13 տարում առաջին անգամ։

XS
SM
MD
LG