Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Թուրքիան շուտով կարող են օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել. Ռուբինյան


Մեծ է հավանականությունը, որ Հայաստանն ու Թուրքիան շուտով սկսեն օդային ուղիղ բեռնափոխադրումներ, «Ազատությանը» հայտնեց Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

«Վերջերս՝ նոյեմբերի սկզբին տեղի ունեցած տեխնիկական հանդիպման ժամանակ քննարկվել է այդ թվում՝ այս պայմանավորվածության իրագործումը, և այո, հավանականությունը մեծ է, որ շատ շուտով այն կիրագործվի: Զերծ կմնամ կոնկրետ ժամկետներ նշելուց, բայց հավանականությունը շատ մեծ է, որ շուտով դա տեղի կունենա», - ասաց Ռուբինյանը:

Երեկ թուրքական Hurriyet Daily News-ը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրել էր, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, և հնարավոր է, որ անգամ Ամանորից առաջ արդեն սկսվեն փոխադարձ ավիափոխադրումներ, ինչպես նաև բացվի Արմավիրի մարզի սահմանին գտնվող Մարգարա-Ալիջանի սահմանային անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար։

«Խոսքը հետևյալի մասին է. այս պահի դրությամբ ուղիղ ավիաբեռնափոխադրումներ Թուրքիայի և Հայաստանի միջև երկու ուղղություններով էլ հնարավոր չէ, խոսքը նրա մասին է, որ դա դառնա հնարավոր», - ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը ժամկետներ չի նշում, բայց հիշեցնում է, որ ուղիղ բեռանփոխադրումների արգելքի վերացման, ինչպես նաև անցակետի մասնակի բացման մասին քաղաքական պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռ ամռանը՝ բանագնացների վերջին հանդիպման ընթացքում, իսկ գործնական քայլերը սկսվել են նոյեմբերին սկզբին կողմերի տեխնիկական խմբերի՝ հայ-թուրքական սահմանին հանդիպումից հետո։

«Գիտեք, որ մեր երկրորդ պայմանավորվածությունը, կրկին հուլիսին ձեռք բերված, երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու մասին էր, և դրա վերաբերյալ ինչը, որ պետք է արվի հիմա, դա Մարգարայի կամրջի վիճակի ստուգումն է, որը մոտ ժամանակներս պետք է տեղի ունենա, և այդպես կշարժվի», - հավելեց նա:

1993 թվականից փակ այս անցակետի՝ մոտ 30 տարի պարապուրդի մատնված կամուրջն իրոք նորոգման կարիք ունի, «Ազատությանը» հայտնեց Մարգարայի վարչական շրջանի ղեկավար էդգար Ենոքյանը։

«Կիսաբարվոք վիճակում է, այսինքն՝ կա նորոգելու կարիք», - նշեց Ենոքյանը:

Անցակետի հնարավոր բացման մասին լուրերը գյուղ հասել են, հասցրել են քննարկել, վիճել ու անգամ թեման անորոշ ժամանակով փակել մինչև անցակետի բացման մասին լուրերը խոսակցությունից իրականություն դառնան։

«Մարդ կա գոհ է, որ կբացվեն սահմանները, նորմալ լինի, մարդ կա՝ չի ուզում, ասում է, որ «ուրիշ ոլորտով կգնա, մեր տները, մեր հողերը կկորցնենք» և այլն: Ամեն մարդ մի ձև է մեկնաբանում էս հարցը: Այսինքն՝ գյուղում ունենք 350 տնտեսություն, 350 տնտեսության միտքն ու գաղափարը տարբեր են», - ասաց Մարգարայի վարչական շրջանի ղեկավարը:

Ըստ Քոչինյանի, հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններն իրականում բովանդակային չեն:

Մինչ հայկական աղբյուրները հայ-թուրքական երկխոսության գործընթացի մասին հիմնականում սակավախոս են, Hurriyet-ը պնդում է, որ կարգավորման գործընթացի երրորդ փուլում քննարկվելու է երկու երկրների միջև ուղիղ առևտուր սկսելու շուրջ հարցը։

Չնայած թուրքական մամուլի այս լուրերին՝ ընդամենը մեկ ամիս առաջ Թուրքիայի նախագահը հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կրկին կապել էր Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության պայմանագրի հետ։ Էրդողանը մի կողմից հայտարարել էր, որ չունեն նախապայմաններ, մյուս կողմից ավելացրել, որ հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հայ-թուրքական հարաբերությունների հարցը կլուծվի։ Նման հայտարարություններ արել է նաև Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։

Քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանն այս ֆոնին նկատում է, որ հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններն իրականում բովանդակային չեն:

«Այսինքն՝ անգամ եթե այն, ինչ հիմա քննարկվում է, երկուսն էլ տեղի ունենան, դա դեռ չի նշանակում, որ մենք ունենք հայ-թուրքական կարգավորված հարաբերություններ: Այնպես որ, ըստ իս, Չավուշօղլուի մեկնաբանությունները՝ կապված գործընթացի բովանդակության և դրա կախվածության՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից, ուժի մեջ են, դրանք ոչ մի տեղ չեն կորել, բայց միևնույն ժամանակ որոշակի դրական տեղաշարժեր հնարավոր են և լինում են», - նշեց Քոչինյանը:

Հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպումը անցյալ տարվա հունվարին էր, վերջին 11 ամիսների բանակցությունների միակ շոշափելի արդյունքն առայժմ Երևան-Ստամբուլ չվերթների վերագործարկումն է։

XS
SM
MD
LG