Մատչելիության հղումներ

Ռիչարդ Մուրի այցը Երևան «արտացոլում է Արևմուտքի հետաքրքրությունը Հայաստանի  նկատմամբ»


Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը (ձ) և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երևան, 16-ը դեկտեմբերի, 2022։
Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը (ձ) և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երևան, 16-ը դեկտեմբերի, 2022։

Վերլուծաբանների համոզմամբ՝ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի այցը Երևան առաջին հերթին արտացոլում է Արևմուտքի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Հայաստանցի փորձագետները հիշեցնում են, որ Մուրի այցից ամիսներ առաջ էր Հայաստան էր եկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, ինչը փաստում է, որ ուժային կենտրոնները հետաքրքված են Հարավային Կովկասով։

Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը, ով պաշտոնը ստանձնել է 2020-ին, առաջին անգամ էր Հայաստանում։ Նրան անցած շաբաթ կառավարությունում ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների:

Մինչև Փաշինյանի հետ հանդիպումը, Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարը մի քանի օր առաջ Լոնդոնում հանդիպել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Հայկական կողմը հաղորդել էր, թե քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները՝ առանց հավելյալ մանրամասների։ Բրիտանական կողմը ո'չ Նիկոլ Փաշինյանի, ո'չ էլ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումների մասին տեղեկություն չի տարածել։

Ռիչարդ Կիրակոսյան
Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ՝ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի այցը Հայաստան պայմանավորված է Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով և Իրանում ծավալվող զարգացումներով։ Երկու դեպքում էլ Հայաստանը ունի ստրատեգիական նշանակություն և շատ «արժեքավոր» է Արևմուտքի համար։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ այն դիմակայությունը, որ պատերազմի տեսքով տեղի է ունենում Ուկրաինայում, դիվանագիտական և քաղաքական ձևաչափով ծավալավում է նաև Կովասում։ Ամենառանցքայինը իհարկե Իրանի հարց է։ Վերլուծաբանի համոզմամբ՝ Թեհրանը շատ մոտ է միջուկային զենք ունենալու հնարավորությանը։ Արևմուտքին անհանագստացնում է նաև Իրանի և Ռուսաստանի ռազմական և տնետեսական գործակցությունը, որն արտահայտվում է նաև ուկրաինական պատերազմում. - «Ի՞նչ կարող է ակնկալվել Հայաստանից։ Ես կարծում եմ, առնվազն տրամադրությունների շոշոափում, և, որպես առավելագույն խնդիրներ, թերևս այն, որ Հայաստանը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման, արցախյան խնդրում առաջնորդվի, այսպես ասենք՝ արևմտյան ռազմավարությանը համահունչ տրամադրություններով, նաև մասնակցի Ռուսաստանի դերի նվազման գործընթացներին։ Մենք չգիտենք իհարկե, թե Մուրը գործնականում արդյո՞ք առարկայական առաջարկներով է եկել Հայաստան, թե՞ պարզապես եկել է տրամադրություն շոշափելու, ինչին արդեն կարող են հաջորդել ինչ-որ որոշումներ Բրիտանիայում»։

Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ՝ Մուրի այցը պատահականորեն է համընկել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ և կապ չունի ղարաբաղյան խնդրի հետ. - «Ավելին, ես թերահավատ եմ, որ Ռիչարդ Մուրի և Հայաստանի պաշտոնյաների միջև տեղի ունեցած քննարկումները բավարարեն Հայաստանի հրատապ կարիքները ադրբեջանական սպառնալիքներից պաշտպանվելու համար»։

Ընդգծելով, որ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի այցը Հայաստան ավելի շատ կապված է Ռուսաստանի և Իրանի հետ՝ վերլուծաբանը միաժամանակ շեշտում է, որ այդ այցը նաև Հայաստանի մասին է. - «Մենք կարող ենք ակնկալել բրիտանիային ներգվածությունը Հայաստանում պաշտպանական և անվտանգային ոլորտներում բարեփոխումներին աջակցելու հարցում։ Թե ինչ հնարավորություններ կստեղծվեն այս հանդիպումից հետո առաջիկայում, կախված է Հայաստանի կառավարությունից»։

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը չի բացառում, որ բրիտանացի գլխավոր հետախույզի օրակարգում նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն է եղել։ Մուրը 2014-17 թվականներին եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ Իսկ 2020 թվականի պատերազմից երկու օր անց, նոյեմբերի 11-ին, արդեն որպես հետախուզական ծառայության ղեկավար, այցելել է Անկարա, որտեղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարի հետ քննարկել է նաև ղարաբաղյան խնդիրը։

«Բրիտանացի գլխավոր հետախույզի այցի օրակարգում կարող է լինել հայ-թուրքական հարաբերության խնդիրը, կարող են լինել տնտեսական հարցեր՝ կապված նույն հանքային հարցադրումների հետ, որ դարձել են Լաչինի ճանապարհի փակման պատճառ կամ առիթ, և բնականաբար, էստեղ շոշափվում է նաև բրիտանական կապիտալի հետաքրքրության հարցեր։ Շրջանակը իսկապես շատ լայն է, բայց ես կարծում եմ, առանցքային մոտիվները կապված են հենց Ռուսաստան-Իրան գործակցությանը հակազդելուն»։

Հայտնի չէ, արդյո՞ք Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարը տարածաշրջանային այցով էր Հայաստանում, թե՞ Երևանից բացի, այցելել է նաև Բաքու և Թբիլիսի։

XS
SM
MD
LG