Մատչելիության հղումներ

Պուտինի հետ հանդիպումից երկու օր անց Փաշինյանը պարզաբանում է ակնկալում Մոսկվայից


«Ո՞րն է Լաչինի միջանցքի արդեն մոտ 20 օր փակ լինելու իրադրության Ռուսաստանի գնահատականը և ճանապարհը բացելու Մոսկվայի պլանը»:

Հայաստանի վարչապետն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում այս հարցերի պատասխանները սպասում են Ռուսաստանի Դաշնությունից. - «Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է։ Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը և Ռուսաստանի Դաշնությունը»։

Փաշինյանը դարձյալ հայտարարեց, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատասխանատվությունը կրում են նոյեմբեորի 9-ի համաձայնությունը ստորագրած կողմերից երկուսը՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը, իսկ վերջինս անվտանգային կոնկետ պարտավորություններ է ստանձնել Լեռնային Ղարբաղի ժողովրդի առաջ. - «Ո՞րն է իրադրության Ռուսաստանի Դաշնության գնահատականը։ Ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանրությունը սպասում է Ռուսաստանի Դաշնությունից, որը, հիշեցնեմ, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է»։

Այս հարցերը Փաշինյանը բարձրացնում է Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից ընդամենը 2 օր անց։ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման բաց հատվածում Հայաստանի վարչապետն ասել էր, որ այս պահին քննարկելու ամենագլխավոր հարցը Լաչինի ճգնաժամն է, որը «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է։ Հիմա ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ»։

Երկկողմ հանդիպումից հետո սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե Փաշինյանն ու Պուտինն իրավիճակը քննարկելուց հետո ինչ որոշումներ են կայացրել։

Այսօր Կրեմլի խոսնակը, առանց մանրամասնելու, հայտնել է, որ Լաչինի թեման Պուտինն ու Փաշինյանը մանրամասն քննարկել են։

Երկկողմ այս հանդիպումից ընդամենը երկու օր անց արդեն Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում ռուսական կողմը պետք է քայլեր ձեռնարկի Ղարաբաղում տեղակայված խաղաղապահներին միջազգային մանդատ շնորհելու ուղղությամբ. - «Եթե Ռուսաստանի Դաշնությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ, ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»։

Չուշացավա Մոսկայի արձագանքը։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում հայտարարեց, որ ռուս խաղաղապահներին հասցեին Հայաստանի վարչապետի քննադատտությանն անընդունելի է. - «Մեկ անգամ չէ որ ասել ենք՝ ռուս խաղաղապահները ամեն ինչ անում են տեղում իրավիճակը հարթելու համար։ Ոչ մի հրապարակային կշտամբանք գործին չի օգնի, ավելի վատ վիճակներ էլ են եղել: Մենք ամեն ինչ անում ենք վիճակի կարգավորման համար»։

Մինչ Մոսկվան հայտարարում է, որ ամեն ինչ անում է, Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ ՌԴ խաղաղապահները աստիճանաբար դառնում են Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկաները։ Այս պնդմանը ևս Զարխարովան արձագանքել է՝ առանց խաղաղապահների ավելի լավ է՞ր լինելու. - «Որևէ մեկը պատախանատու կերպով կարող է ասել՝ առանց ռոսական խաղաղապահ առաքելության ավելի լա՞վ էր լինելու։ Պատասխանն ախր ակնհայտ է։ Ինձ թվում է, նման հայտարարություններ անելը նշանակում է չհասկանալ՝ ինչ իրավիճակ է գետնի վրա»։

Իր հերթին Կրեմլի խոսնակը արձագանքել է Փաշինյանի մյուս հայտարարությանը, որ ռուս խաղաղապահները կարող են ՄԱԿ-ի մանդատ ստանալ՝ եթե Մոսկվան դիմի։ Ըստ Պեսկովի, դրա համար անհրաժեշտ է հակամարտող երկու կողմերի՝ ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համաձայնությունը. - «Հայաստանը մեր ամենամտերիմ դաշնակիցներից մեկն է, Ադրբեջանն էլ մեր կարևոր և արժեքավոր գործընկերն է: Ռուսաստանը շարունակում է և կշարունակի միջնորդական ջանքերը՝ նախևառաջ իրականացնելով այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմքի վրա»։

Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի խնդրի շուրջ քննարկումները կշարունակվեն:

Մինչ այդ, Հայաստանի վարչապետը վստահ է, որ կան բոլոր նախանշանները պնդելու, որ Ադբեջանը նոր ռազմական սադրանք է նախապատաստում, այդ թվում Արցախի նկատմամբ։

Ի՞նչ է անում Հայաստանը ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։ Մինչ օրս իշխանությունները վստահեցրել են, թե գործադրում են բոլոր ջանքերը հարցը դիվանգիտական եղանակով լուծելու համար։ Շրջափակման 18-րդ օրն էլ կառավարությունը որոշեց աշխատանքային խումբ ձևավորել Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում անելու ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելու համար։ Թե ինչպես պետք է այդ աջակցությունը, օրինակ, անհրաժեշտ սնունդ, հասնի Արցախ պարզ չէ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG