Կարմիր խաչն ու ՄԱԿ-ը կարող են գործուն քայլեր իրականացնել՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու համար, համոզված է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
Նա ընդգծում է՝ միջազգային հաստատված փորձ կա քաղաքացիական բնակչությանը հակամարտություններից պաշտպանելու համար։ Թաթոյանը հիշեցնում է 90-ականներին Բոսնիա-Հերցեգովինայի օրինակը, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարևոր դիրքորոշում հայտնեց՝ խոսելով էթնիկ զտումներից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտության մասին։
Կարմիրը խաչը արձանագրել էր, որ քաղաքացիական բնակչության համար պետք է ստեղծվեն պաշտպանված գոտիներ՝ նրանց անվտանգությունը, կյանքի, առողջության, կրթության և մյուս իրավունքները ապահվելու համար, որպեսզի քաղաքացիական բնակչությունը զրկանքներ չկրի՝ սպասելով խնդրի քաղաքական լուծմանը։ Սա էական նշանակություն է ունեցել Բոսնիա-Հերցեգովինայի գործով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2 բանաձևերի ընդունման համար, որոնցից հետո այդ շրջան ՄԱԿ-ի ռազմական դիտորներ են ուղարկվել:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը, շրջափակելով Արցախը և, այսպես կոչված, էկոակտիվիստների ներգրավելով, բայց մաքուր կառավարության կազմակերպմամբ, լուծում է իր համար մեծ քաղաքական խնդիր, դա Արցախը հայաթափելն է, բնաջնջելն է և էթնիկ զտումների քաղաքականությունն է, ինչն էլ, մեծ հաշվով, այդ ցեղասպան քաղաքականությունն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թաթոյանը՝ շարունակելով. «Կարմիր խաչն այսօր ի՞նչ է անում, ինչը շատ կարևոր է, մենք գնահատում ենք դա. տեղափոխում է մարդկանց, հիվանդների, սնունդ է հասցնում, բայց միայն այդ գործառույթը չէ:
Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ Կարմիր խաչը կարող է նաև դիրքորոշում հայտնել, օրինակ, հստակ արձանագրելով, որ այսպես չի կարող շարունակվել, և անհրաժեշտ են երկարաժամկետ հատուկ երաշխիքներ, ինչպես որ Կարմիր խաչն արտահայտել է, օրինակ, Բոսնիա-Հերցեգովինայի գործով պաշտպանված գոտիների հետ կապված։ Հստակ նշի, որ այս մարդիկ ենթարկվում են էթնիկ զտումների, նրանց կյանքն ու առողջությունը հրատապ պաշտպանելու անհրաժեշտություն կա, իսկ փորձը ցույց է տալիս, որ դրա համար պետք է այս մարդիկ ունենան, պաշտպանված գոտի կլինի, ապահով գոտի, բայց, ամեն դեպքում, Ադրբեջանի կառավարությունը պետք է հեռու լինի այս մարդկանցից, որ նրանք կյանքի իրավունքի համար ունենան պաշտպանվածություն, անվտանգության, ընդ որում, ոչ միայն ռազմական ագրեսիայի հետ կապված, այլ նաև հոգեբանական»:
Կարմիր խաչից բացի, պետք է աշխատել միջազգային այլ կառույցների հետ. Թաթոյան
Արմանի Թաթոյանի համոզմամբ՝ Կարմիր խաչից բացի, պետք է աշխատել միջազգային այլ՝ կառավարակական ու ոչ կառավարական կառույցների հետ։ Պետք է արձանագրվի այն փաստը, որ Արցախում էթնիկ զտումներ քաղաքականություն է իրականացվում, և որ այնտեղ ապրող 120 հազար մարդկանց համար անհրաժեշտ է ուժեղացված պաշտպանություն ապահովել, և այն, ինչ որ կա, չի բավարարում։
Նախկին օմբուդսմենն ընդգծում է՝ նույն Բոսնիա -Հերցեգովինայի դեպքում ևս արձանագրվել էր, որ այնտեղ 100 հազար մարդ է ապրում, և նրանց տեղափոխումն անհնար է։ Արդյոք արցախահայերի պաշտպանվածության հարցը միջազգային կառույցների օրակարգում ընդգրկելիս խնդիրներ չեն առաջանա ռուս խաղաղապահների հետ, ի վերջո այսօր նրանք են Արցախում ապահովում արցախահայերի անվտանգությունը։ Արման Թաթոյանի խոսքով՝ Հայաստանը պետք է գործի դնի միջազգային բոլոր մեխանիզմները, հակառակ դեպքում հայտնվում ենք աշխարհաքաղաքական խաղերի մեջ։
Եթե միջազգային մանդատ ունեցող խաղաղապահներ տեղակայված լինեին Արցախում, այս իրավիճակը չէ՞ր լինի, Արման Թաթոյանն ասում է, որ խաղաղապահները պետք է փաստաթղթով ամրագրված մանդատ ունենան, որպեսզի բոլորի համար պարզ լինի նրանց իրավունքների և պարտականությունների շրջանակը։
Ռուս խաղաղապահների մանդատը, սակայն, մինչ օրս հաստատված չէ, Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել այն։
«Իհարկե, ռուս խաղաղապահ զորակազմը կարևոր գործառույթ ունի անվտանգության ապահովման, սա ոչ ոք չի ժխտում, և սա կարևոր փաստ է, և դա նույնն են նշում Արցախում, որովհետև իրենք անմիջական զգում են, բայց ցանկացած անվտանգության, կոնֆլիկտային գոտում եթե դու չես հստակեցնում կոնկրետ գործառույթներ, մանրամասն ընդ որում: Մանդատը կարգավիճակ է՝ իրավունք-պարտականություն: Մենք խոսում ենք կոնկրետ մարդկանց, կյանքի, առողջության մասին, ոչ թե անգամ խոսում ենք նրա մասին, որ մարդը կարողանա ազատ տեղաշարժվել, գնալ այստեղ: Դա մի կողմ դեռ, լուրջ խաթարված է, բայց իրական անվտանգության, կյանքի իրավունքի մասին է», - ասաց նա:
Անգամ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից չեն այցելել Արցախ. Թաթոյան
Նախկին օմբուդսմենն ընդգծում է, որ 44-օրյա պատերազմին վերաբերող միակ փաստաթղթում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ընդամենը մեկ միջազգային կազմակերպության մասին է հիշատակվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մասին։ Սակայն, այդ կառույցը չի այցելել Արցախ։
«Այդ կազմակերպությունը մինչ օրս ոտք դրե՞լ է Արցախ, չի դրել ոտք Արցախ, անգամ այդ կազմակերպությունը», - նկատում է նա:
2020-ի պատերազմից հետո Ադրբեջանի ռազմական հանցագործությունները փաստագրող, նաև սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ստեղծված իրավիճակին պարբերաբար անդրադրաձող նախկին օմբուդսմենը շեշտում է՝ նույնիսկ եթե առաջիկայում Լաչինի միջանցքը բացվի, երաշխիք չկա, որ Ադրբեջանն այն նորից չի փակի, հետևաբար, Հայաստանն իր ողջ ներուժը օգտագործելով, ներգրավելով նաև քաղաքացիական հասարակությանն ու Սփյուռքին, պետք է ամեն ինչ անի՝ ռազմական և մարդկության դեմ ուղղված հանացագործությունների, նաև էթնիկ զտումների քաղաքականության համար Ադրբեջանին տնտեսական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու համար։