«Ազատություն». - Ինչո՞ւ չի բացվում Լաչինի միջանցքը։
Քոչինյան. - Չի բացվում, որովհետև դա Ադրբեջանի համար բավականին էժան և բավականին արդյունավետ աշխատանքային գործիք է թե' Հայաստանի, թե' Արցախի վրա շատ լուրջ ճնշում գործադրելու։ Եվ չի բացվի դեռ այնքան ժամանակ, քանի դեռ կշարունակի մնալ էժան գործիք, քանի չլինեն դրա համար լուրջ հետևանքներ Ադրբեջանի վրա, և Ադրբեջանը ստիպված կլինի հրաժարվել այդ գործիքից։ Էդ «լավ» տարբերակը։ Կամ՝ քանի դեռ չեն կատարվել Ադրբեջանի պահանջները՝ վատ տարբերակը։ Էս երկու տարբերակից քանի դեռ որևէ մեկը սեղանին չի դրվել, աշխատանքային տարբերակով չի գործի դրվել, ապա Լաչինի միջանցքը մնալու է փակ։
«Ազատություն». - Լավատես չե՞ք, որ դիմացը Նոր տարի է։
Քոչինյան. - Չէ, ճիշտն ասած։ Էստեղ լավատեսության կամ հոռետեսության մասին չի խոսքը։ Շատ կարևոր է արձանագրել, որ այս խնդիրը ոչ իրավական է, ոչ մարդասիրական է։ Սա քաղաքական խնդիր է։ Սա քաղաքական ակցիա է, որ անում է Ադրբեջանը, և դրա լուծումն էլ միայն քաղաքական է։ Էստեղ էլ ինձ կասեք հոռետես, բայց ես չեմ կարծում, որ պահանջները նրանք են, որը որ էդ ցուցարարները հայտարարել են՝ ընդհուպ նորացված պահանջները ընդգրկելով. անցակետ դնել, վերահսկողություն սահմանել և այլն։ Ես անգամ չեմ կարծում, որ դրանք են իրական պահանջները։ Եթե անգամ դրանք կատարվեն, երկու կամ երեք օրով բացվի, հետո նորից կփակվի, նոր պահանջներ կդրվեն։
«Ազատություն». - Բայց չէ՞ որ դա մի գործիք է, որ միշտ էլ կարելի է կիրառել, ամեն անգամ նոր ճնշում բանեցնել։
Քոչինյան. - Այո, իրավացի եք։ Ընդ որում, սա միակ գործիքը չէ։ Մի քանի տարբեր գործիքներ Ադրբեջանը... Արցախի իրավիճակը հիմա, ուժային բալանսի հարաբերակցությունը հիմա, աշխարհագրական նաև կտրվածությունը հիմա էնպիսին է, մի քանի էդպիսի գործիքներ կարող է Ադրբեջանը մտածել , ստեղծել ու կիրառել և պարբերաբար ինչ-որ զիջումներ կորզել։ Այսինքն՝ հիմա իրականում ամբողջ լարվածությունը և վիճակի վատ լինելը ոչ թե կապված ա էդ ստեղծված ճգնաժամի հետ և առաջ քաշված պահանջների հետ, այլ ընդհանուր տրամաբանության հետ։ Որ փաստացի 120 հազար հոգին կարող են գերի վերցվել և և' Արցախից, և' Հայաստանից ցանկացած զիջում պահանջել ու կորզել։ Ընդ որում, պետք է արձանագրել, որ Ադրբեջանը միայնակ չէ իր էս գործողությունների մեջ։ Առնվազն կա Ռուսաստանի ամենապարզ և ամենա... մինիմալ ձևակերպումը անենք՝ թողտվությունը։ Որովհետև թղթի վրա արձանագրված է, որ թե' Արցախի և թե' Լաչինի միջանցքի անվտանգության ապահովումը դրված է ռուս խաղաղապահ կոնտինգենտի վրա, որը տապալել է իրեն։
«Ազատություն». - Որը Հայաստանի ձեռքին մեխանիզմ է, գործիք, որ էս ճնշումները չլինեն։
Քոչինյան. - Այո։ Բայց դա չի աշխատում։ Հիմա ստեղ էլ կա էրկու տարբերակ ըստ էության։ Կա'մ Ռուսաստանը իրոք այն աստիճան է թուլացած, ուղղակի գետնին հավասարեցված, որ իր խաղաղարար կոնտինգենտը էս միսիան տապալում է, առաքելությունը տապալում է և չի կարողանում դա անել, ինչին ես, ճիշտն ասած, էնքան էլ հակված չեմ։ Ես ավելի հակված եմ երկրորդ տարբերակին, որ էստեղ կա միտում, կա հաշվարկ։ Որ սա կոնկրետ քաղաքականություն է՝ ստանալու համար ինչ-ինչ զիջումներ ոչ այնքան Արցախից, ինչքան Հայաստանից։ Ծրագիր մինիմումն ա ստանալ Հայաստանի հարավով միջանցք և դուրս գալ դեպի թուրքական շուկա՝ միաժամանակ կտրելով Հայաստան - Իրան սահմանը։ Ծրագիր մաքսիմումն ա Հայաստանին ներքաշել Միութենական պետության մեջ, որի պարագայում արդեն միջանցք կլինի, չի լինի արդեն ակտուալ չի, որովհետև ամբողջ տարածքն է ըստ էության դառնում վերահսկելի։ Հիմա էս էրկու ծրագրերը դրված են և էս էրկու ծրագրերից որևէ մեկին հասնելու համար Հայաստանին հասցնում են հիբրիդային հարվածներ, այդ թվում նաև Արցախի այ էս ճգնաժամը դրա ամենացայտուն, ամենացցուն օրինակն ա։ Դրա էլեմենտ էր նաև սեպտեմբերյան ռազմական գործողությունները, դրա էլեմենտն ա նաև ՀԱՊԿ-ի անգործունեությունը։ Այսինքն՝ սրանք բոլորը մի շղթայի մեջ ա պետք դիտարկել։
«Ազատություն». - Հետևաբար զուր էին ակնկալիքները, որ երեկ Մոսկվայում պիտի միջանցքը բացելու հարցը լուծվեր։
Քոչինյան. - Իհարկե զուր էին։ Պարադոքսալ վիճակ ա, երբ որ Հայաստանում քաղաքական լուծումները սպասում են մի ուժային կենտրոնից, որը հենց ստեղծել ա իրավիճակը։ Այսինքն՝ մենք պայմանական ասած ունենք վտանգ և էդ վտանգը ստեղծողից գնում ենք անվտանգություն ենք ուզում։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.