Այսօր Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ երկրորդը մեկ ամսվա ընթացքում։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովն արդեն մեկնել է Մոսկվա:
Սպասվում է, որ նախարարները կքննարկեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները:
Լավրովն ու Բայրամովը երեկ հեռախոսացրույցում ափսոսանք են հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ այսօր Մոսկվայում կայանալիք բանակցություններին մասնակցելուց հրաժարվելու Հայաստանի որոշման կապակցությամբ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդել էր նաև, որ Լավրովն ընդգծել է եռակողմ հայտարարությունների համաձայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքով անխոչընդոտ կապի խստիվ ապահովման անհրաժեշտությունը։
Հայկական կողմը խնդրել է հետաձգել եռակողմ հանդիպումը՝ ընդգծելով, որ այս պահին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: