Մատչելիության հղումներ

Սալիվանը Ալիևի օգնականի հետ քննարկել է խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր


 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, արխիվ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, արխիվ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացները, այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ես հայտարարել եմ, որ Ադրբեջանը վճռական է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու հարցում»,- գրել է Հաջիևը Twitter-ում:

Այսօր Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Երևանը Բաքվին է փոխանցել պայմանագրի մասին իր առաջարկները և սպասում է արձագանքի. «Եվ մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»:

Դեռ դեկտեմբերի սկզբին հայկական կողմն ասել էր, որ Բաքվից ստացել են առաջարկների 3-րդ փաթեթը, մի քանի շաբաթ քննարկելուց հետո փաստորեն Արտգործնախարարությունը դրանց պատասխանել է, բովանդակությունն առայժմ հայտնի չէ։

Հիքմեթ Հաջիևը նաև անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը, հերքել այդ փաստը, նշել, թե Ադրբեջանի քաղաքացիները օրինական բողոքի ցույցեր են անում:

Արդեն 11 օր շարունակ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակ լինելու հետևանքով ստեղծված իրավիճակն այսօր ԱՄՆ նախագահի խորհրդականին է ներկայացրել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, հայտարարում են Հայաստանն ու Արցախը: Այս հարցը քննարկվեց նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

XS
SM
MD
LG