Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ արտահերթ զեկույց են հրապարակել Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ՝ նոր թարմացված տվյալներով։
«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ զեկույցները ստեղծում են այն միջավայրը, որը շատ դեպքերում դառնում է հայտարարությունների ու բանաձևերի հիմք:
«Չեմ բացառում, որ առաջիկայում էլի փաստաթղթեր ենք ունենալու», - ասաց նա:
Ներկայացնում ենք ասուլիսից հատվածներ.
Շրջափակումը ուղղակիորեն կազմակերպված, պլանավորված է ադրբեջանական իշխանությունների կողմից. ՄԻՊ
«Այսօրվա զեկույցի մեջ թարմացրել ենք տվյալները, որտեղ վերլուծություն կա ադրբեջանական խոսույթի մասին», - ասաց մարդու իրավունքների պաշտպանը՝ շարունակելով, որ վերլուծությունը ցույց էր տալիս, որ դեռևս նոյեմբերից Բաքվի կենտրոնական իշխանության ու դրա մերձ խողովակները, օգտագործելով հայատյացության ու Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ ատելության արդեն փորձարկված մեթոդները, նախապատրաստել են ադրբեջանական հանրային կարծիքը այս շրջափակման վերաբերյալ պահանջներ ստեղծելու մասին, ինչպես նաև ադրբեջանական իշխող ուժի ներկայացուցիչներ են խոսել այդ մասին:
«Այս ամենը նաև հստակորեն ցույց է տալիս, որ շրջափակումը ուղղակիորեն կազմակերպված, պլանավորված է ադրբեջանական իշխանությունների կողմից», - նշեց նա:
Օգտատերերը հետաքրքրվել էին՝ ինչի՞ համար են զեկույցները, ի՞նչ են դրանք տալիս:
Պաշտպանն ասում է՝ դրանք ինքնանպատակ չեն. «Միայն այն, որ դրանք միայն անգլերենով են պատրաստվում… զեկույցներն ուղարկում ենք միջազգային վերաբերելի և մանդատ ունեցող, այս անգամ արդեն 3 տասնյակից ավելի կազմակերպությունների, դերակատարների, այս անգամ լրացրել ենք նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»:
«Այս պետությունը սկսել է էթնիկ զտման քաղաքականություն»
Զեկույցի նպատակը ադրբեջանական կեղծ նարատիվները ցույց տալն ու ներկայացնելն է նաև, շեշտեց Գրիգորյանը. «Այդ թվում նրանք, որ այդ պետությունը պաշտոնապես ներկայացնում է նաև միջազգային կազմակերպություններին, տարբեր հանձնակատարներին, նաև ՄԻԵԴ-ին, նաև այդ փաստարկները հերքելու կոնկրետ ապացույցներով, նաև միջազգային իրավունքի վերլուծությունների լույսի ներքո ներկայացնելու նպատակ ունի: Պետք է նկատի ունենանք, որ այդ զեկույցները ու դրանց հետևողական ներկայացումը շարունակվող բլոկադայի պայմաններում նաև նպատակ ունի ձևավորելու այն մթնոլորտը, և ես համարում եմ, որ այն որոշակիորեն նպաստել է այն մթնոլորտի ձևավորմանը, որ օրինակ, եղել է տարբեր հայտարարությունների, օրինակ՝ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարն է անդրադարձել հարցին, արդեն երկրորդ անգամ»:
Նա հավելեց, որ զեկույցում կարմիր թելով գնում է վերլուծությունը առ այն, որ սա պատերազմական ակտի բնորոշում ունի, այս պետությունը սկսել է էթնիկ զտման քաղաքականություն:
«Մենք չենք բավարարվում ուղղակի անհասցե նամակները, զեկույցները ուղարկելով, մենք յուրաքանչյուր առանձին մանդատի կրողի, օրինակ, եթե դա երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կոմիտե է կամ հատուկ զեկուցող, նույնականացրել ենք և առանձնացրել ենք այս անձանց ցանկը և իրենց հետ առանձին կոմունիկացիա ենք իրականացնում, օրինակ՝ երեխաների իրավունքի օմբուդսմենական ցանց է, կամ զբաղվում են հումանիտար, կամ խտրականության հարցերով», - ասաց մարդու իրավունքների պաշտպանը:
Նա կարևորեց աշխատանքը միջազգային մամուլի հետ: Ըստ Պաշտպանի՝ զեկույցների ազդեցությունը նաև այն միջավայրն է, որը շատ դեպքերում դառնում է հայտարարությունների ու բանաձևերի հիմք, չի բացառում, որ առաջիկայում էլի փաստաթղթեր են լինելու:
Գերիների մասին
Հարցին, թե ինչ են անում Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ, Գրիգորյանը պատասխանեց, որ իրականում Ադրբեջանում հայ ռազմագերիների, ինչպես նաև անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկություններ փնտրելու, այս աշխատանքը միջազգային ուշադրության կենտրոնում պահելու համար պատրաստել էին փակ զեկույց, որտեղ վերլուծել են հայրենադարձված ռազմագերիների հետ հարցազրույցների արդյունքները՝ ցույց տալու, թե ինչպես են անձանց վերաբերվել: Դրանք իրավասու կազմակերպություններին են ուղարկել՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ակտիվացնելու ջանքերը, որովհետև ռազմագերիների կյանքի իրավունքը ապահովված չէ Բաքվում:
«Պատերազմական հանցագործությունների, պատերազմական ակտի բովանդակությունն ու էությունը շատ նման են»
Իսկ մեկ այլ հարցին, թե իր հանրային ելույթներում միջազգային հանրության ներկայացուցիչների առջև համեմատականներ տանում է հայկական ու ուկրաինական իրավիճակների միջև, նա ասաց. «Այո, ուղիղ ասեմ՝ այո, որովհետև ես իմ միջազգային հանրային բոլոր ելույթներում այս զուգահեռը միշտ անցկացնում եմ, որովհետև տեսեք՝ մենք նաև կապի մեջ ենք Ուկրաինայում մեր գործընկեր կազմակերպության հետ, մենք նաև ցանցի անդամ ենք, և շատ հաճախ մեր եվրոպական ցանցի հավաքների ընթացքում մենք լսում ենք զեկույցները, թե Ուկրաինայում ինչ է տեղի ունենում:
Ես բոլոր առիթների ժամանակ հետևյալ ուղերձն եմ հղում՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Արցախում, միգուցե չափսերով և մասշտաբներով անհամեմատելի է նրա հետ, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, բայց խախտումների, պատերազմական հանցագործությունների, պատերազմական ակտի բովանդակությունն ու էությունը շատ նման են»: