Մատչելիության հղումներ

Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը. ԱԽ քարտուղար


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Լաչինի միջանցքի արդեն 16 րդ օր շարունակվող ճգնաժամի և սեպտեմբերի 13 -ին Հայաստանի վրա կատարված հարձակման հիմքում Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու պահանջն է, երեկ Հանրայինի եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այդ լայն կոնտեքստը, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով այսպես կոչված՝ միջանցքային տրամաբանության որևէ ճանապարհ ստանալու կոնտեքստում է: Հայաստանը շարունակում է դիմադրել սրան: Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաև փոխկապակցված է սրա հետ, և ամբողջ ճգնաժամի հենքը կամ դրդապատճառը հիմնական սա է», - ասաց նա։

Հարցին՝ «այս ամենը միջանցքի՞ համար է», Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. - «Նաև: Այսինքն՝ արտատարածքային միջանցք՝ Հայաստանի տարածքում»:

«Այս ճնշումը՝ Լաչինում որ կա, այս իրադարձությունները», - այս դիտարկմանն էլ Գրիգորյանն արձագանքեց. - «Բնականաբար, դրա մասին է այդ ամբողջ ճնշումները»:

Իշխանությունն առաջին անգամ նաև հրապարակավ ասաց, թե Հայաստանին ճնշում են Ռուսաստան-Բելառուս միութենական դաշինքին անդամակցելու համար։

«Երբ Հայաստանը դիմադրում է, ստանում է ճնշումներ ռազմական տեսքով», - պնդեց Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ չհստակեցնելով՝ կոնկրետ որ կողմից են ճնշումները։

Մինչ այդ հաղորդավարը Բելառուսի դեսպանի խոսքն էր մեջբերել, թե ռուս-բելառուսական դաշինքում երրորդ պետությունն է պակասում։ «Դուք նշեցիք այդ դեսպանի հայտարարությունը միութենական պետության հետ կապված, բնականաբար Հայաստանի հանդեպ ճնշումները նաև այստեղից են գալիս, և Հայաստանի ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգը երբ որ դիմադրում է դրան, ախա ստանում է այլ տեսակի ճնշումներ ռազմական տեսքով», - ասաց նա։

Չուշացավ պաշտոնական Մոսկվայի արձագանքը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր News.am-ի հետ զրույցում «սադրիչ» է որակել Արմեն Գրիգորյանի հայտարարությունները և պնդեց, որ ռուսաստանցի ոչ մի պաշտոնյա նման բան չի ասել և ոչ մեկի միջոցով չի փոխանցել հայկական կողմին։

«Ռուսաստանի շահը նա է, որ պիտի դու իր վասալը լինես»

Մինչդեռ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակացության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի համոզմամբ՝ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ճնշումներ սկսեց բանեցնել այն բանից հետո, երբ 2018-ի հեղափոխությունից հետո սկսեց հասկանալ, որ Հայաստանն ուզում է վերջապես անկախանալ։ Հիմա էլ, իշխանական պատգամավորի պնդմամբ, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն է Ռուսաստանն օգտագործում Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար։

«Ռուսաստանը հիմա եթե ցանկանար՝ Լաչինի միջանցքը բացվեր, շուտ էր բացել: Ռուսաստանի շահը նա է, որ պիտի դու իր վասալը լինես, մենք պիտի Ռուսաստանի կազմի մեջ լինենք, միութենական պետություն էլ վատը հլը», - նշեց նա:

Տիգրան Աբրահամյանը չի կարծում, որ Ռուսաստանը ունի որևէ խոշոր շահ, ինչը կստիպի ճնշել Հայաստանին Ադրբեջանին Սյունիքով միջանցք տրամադրելու համար

Մինչդեռ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի կարծում, որ Ռուսաստանը ունի որևէ խոշոր շահ, ինչը կստիպի ճնշել Հայաստանին Ադրբեջանին Սյունիքով միջանցք տրամադրելու համար։

«Հայաստանի իշխանությունն ունի երկու խնդիր՝ առաջինը՝ մի կողմից իր վրայից պատասխանատվությունը հնարավորինս ցրել, և երկրորդը՝ օգտագործել հանրային դժգոհությունը հակառուսական տրամադրություններին տուրք տալու համար, ես այլ տրամաբանական բան չեմ տեսնում», - նկատեց նա:

Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ եթե անգամ Ադրբեջանը ստանա Հայաստանի տարածքով միջանցք, Ռուսաստանի տարածաշրջանային շահերը էական փոփոխություն չեն կրելու, քանի որ Ռուսաստանը Ադրբեջանի միջով Թուրքիա դուրս գալու խնդիր չունի։ Միակ պատճառը, որ Ռուսաստանը առայժմ չի դիմում կոշտ քայլերի, Թուրքիայի հետ հարաբերությունները չվնասելն է. «Մի կողմից Թուրքիայի մեծ գործոնն է, որը արևմտյան պատժամիջոցների պայմաններում ՌԴ-ի դեպի արտաքին աշխարհ ելումուտի հնարավորությունն է, և երկրորդը՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ իրավիճակն այնպիսի փակուղային իրավիճակի է հասել, երբ որ ռուսական կողմի արձագանքը կամ հնարավոր գործողությունները բավականին կոշտ պետք է լինեն իրավիճակի հանգուցալուծման համար, ինչը, բնականաբար, խաթարելու է ռուս-թուրքական հարաբերությունները: Այս համատեքստում ես կարծում եմ, որ Ռուսաստանի որոշման հիմքում հենց դա է դրված»:

Անդրադառնալով միութենական պետությանը անդամակցելու ճնշումների մասին Արմեն Գրիգորյանի հայտարարություններին, ապա Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ եթե Ռուսաստանից կամ Բելառուսից եղել են նման առաջարկներ, ապա Հայաստանի իշխանությունը պետք է դրանք հանրայնացնի։

«Բայց ես ոչ նման քննարկում եմ տեսնում, ոչ էլ նման առաջարկ եմ տեսնում», - ասաց պատգամավորը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգավոր Ագնեսա Խամոյանի համոզմամբ ևս՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը պետք է հրապարակավ հայտարարի, թե ով է Հայաստանին միութենական պետություն մտնելու առաջարկ արել. «Արմեն Գրիգորյանն իր պատասխան ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հայտարարություններին՝ հայտարարում է, որ ռուսական կողմից ճնշումներ են գործադրվում Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա միջանցքի տրամադրման և միութեանական պետության մաս կազմելու մասով: Ինքը պետք է մանրամասներ ներկայացնի, թե ում կողմից է եղել նման պահանջ, առաջարկություն»:

Ի դեպ, շաբաթներ առաջ Ռուսաստանի ու Բելառուսի կողմից ձևավորվող միութենական պետությանը անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»։ «Հավաստի աղբյուր» անունով հեղինակը գրել էր, թե Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը դառնա Միութենական պետության կամ Ռուսաստանի մաս», և այդ նպատակով փորձում է խոցելի դարձնել Հայաստանի անվտանգությունը։ Անանուն հեղիակը սրանով էր բացատրել Ադրբեջանի ագրեսիվությունը, Հայաստանում տեղակայված ռուսական զորքի ու Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG