Ադրբեջանի գործողություններով պարբերաբար խաթարվում է Արցախում 30 հազար երեխայի կրթության իրավունքը, որը երաշխավորված է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով․ Լաչինչ միջանցքի փակման և ահագնացած հումանիտար ճգնաժամի հարցով Հայաստանում կրթական ոլորտի մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ բաց նամակով դիմել են միջազգային կառույցներին։
Կազմակերպությունները խստորեն դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունն՝ այն որակելով հակամարդասիրական և անմարդկային, որն ունի էթնիկ խտրականության հիմքեր՝ ազգությամբ հայերի նկատմամբ (Արմենոֆոբիա) և խախտում է ՄԱԿ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիան։
Կազմակերպությունները, միջազգային կառույցներից ու օտարերկրյա դիվանագիտական առաքելություններից պահանջում են իրենց մանդատի շրջանակներում վերականգնել Արցախի երեխաների կրթության իրավունքը, ապահովել անվտանգ կրթական միջավայր և կանխել խտրական վերաբերմունքը։
Նրանք նամակում, մասնավորապես, նշել են, որ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման արդյունքում մի շարք հայաստանյան և միջազգային կրթական կազմակերպություններ չեն կարողանում պատշաճ ձևով կատարել իրենց աշխատանքները։ Վերջիններիս բազմաթիվ աշխատակիցներ կա՛մ չեն կարողանում վերադառնալ իրենց համայնքներ, կա՛մ գտնվում են շրջափակման մեջ՝ հենց Արցախում։
Ընդգծելով նաև, որ ադրբեջանական կողմը ձմռան ամիսներին դիտավորյալ պարբերաբար դադարեցնում է գազի մատակարարումն Արցախ՝ կազմակերպությունները շեշտում են՝ օրեր առաջ տասնյակ հազարավոր երեխաներ մի քանի օր բացարձակ զրկվել էին ջեռուցումից, տաք ջրից, անհրաժեշտ սննդամթերքից, ինչպես նաև դադարեցվել էր բոլոր կրթական հաստատությունների աշխատանքը:
«Ադրբեջանական կողմը չի խորշում կիրառել իր ունեցած ողջ գործիքակազմը՝ սահմանային գյուղերի դպրոցների դասընթացները խափանելուց մինչև քաղաքացիների կյանքը վտանգող գործողություններ։ Մանկապարտեզներում, դպրոցներում և համալսարաններում դասերի հաճախակի ընդհատումները խոչընդոտում են միջազգայնորեն երաշխավորված որակյալ կրթության ու անվտանգ կրթական միջավայրի ապահովումը», - ասված է բաց նամակում։
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Արցախից ահազանգում են՝ սննդի, դեղորայքի դեֆիցիտ կա, խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում։
Միջազգային հանրությունը, մեծ թվով պետությունների արտաքին գերատեսչություններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես վերացնել արգելափակումը, որը մարդասիրական ծանր ճգնաժամ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում: