Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» բացելու սպառնալիքն է իրականացնում. Լևոն Զուրաբյան


«Ազատությունը» հյուրընկալել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։

«Ազատություն». - Ձեր գնահատմամբ, ճանապարհը փակելու իրական նպատակը ո՞րն է։

Զուրաբյան. - Ակնհայտ է, որ այդ բոլոր խոսակցությունները հանքերի մասին և այլն, դրանք ընդամենը այդ գործողությունների լեգիտիմացիայի համար են կատարվում։ Իրականում այդ հայտարարությունները որևէ կապ չունեն իրական պատճառների հետ։ Ադրբեջանը երկու տարի շարունակ 2020 թվականից հետո մշտապես խոսել է դրա մասին, ասել է, որ եթե դուք չբացեք զանգեզուրյան մարշրուտը մեզ համար, մենք փակելու ենք Լաչինի կորիդորը։ Այդ մասին երկու տարի բացահայտ նա խոսել է, և սա ընդամենը իր այդ ցինիկ սպառնալիքների իրականացումն է, որ կորզեն միջանցքը։ Միգուցե հիմա արդեն ախորժակն էլ մեծանա, այսինքն՝ նաև այլ նպատակների ուղղված լինի, կարող է նաև այդ հանքերի հարցով զբաղվել, նաև կարող են դնել իրենց առջև Ղարաբաղի հայաթափման հարցը

«Ազատություն». - Չե՞ք կարծում, որ առնվազն ռուսական կողմի իմացությամբ կամ նույնիսկ համաձայնությամբ է փակվել ճանապարհը՝ միջանցք կորզելու համար։ Որովհետև ռուսներն էլ են միջանցք ուզում։ Ընդ որում, այսպիսի թափանցիկ ակնարկներ նաև իշխանություններն են անում։

Զուրաբյան. - Ռուս խաղաղապահների անօգնականությունն ակնհայտ է։ Մեր մեջ ասած, ես մեծ տարբերություն չեմ տեսնում նրա մեջ՝ իրենք այդպես ուզո՞ւմ են, թե՞ իրենք ուղղակի չեն կարող իրագործել դա։ Այդտեղ որևէ մեծ տարբերություն չկա։ Պատճառները շատ պարզ են։ Այս անօգնականության հիմքերը դրված են ռուս-ուկրաինական պատերազմով, որի հետևանքով այսօր Ռուսաստանը ըստ էության թաղվել է այդ պատերազմի մեջ։ Բնականաբար, հայտնվել է մի իրավիճակի մեջ, երբ որ չի ցանկանում կորցնել Թուրքիայի չեզոք ստատուսը։ ՆԱՏՕ-ի մի ամբողջ երկիր բերել է չեզոք ստատուսի, և եթե դա կորցնում է, դա մեծ հարված է լինելու Ռուսաստանի համար՝ Սև ծովը կարող է փակվել, կարող են այլ պրոբլեմներ ծագել տնտեսության հետ, գազի մատակարարումների և այլն, և այլն։ Բնականաբար, Ռուսաստանը այդ խնդրից շատ անհանգստացած է։ Բացի դրանից, ամեն գնով, հատկապես այս ծանր վիճակում, որ ստեղծվել է ուկրաինական ֆրոնտում, նրանք փորձում են խուսափել որևէ նոր ռազմական բախումից, կամ հնարավորությունից, որ բացվի երկրորդ ֆրոնտը իրենց համար։ Սա իրենց համար, բնականաբար, շատ վախենալու, ծանր հեռանկարներն են, որոնցից իրենք ամեն գնով փորձում են խուսափել։

«Ազատություն». - Ուրեմն կարելի է աչք փակելով, հայերին նեղացնելով միջանցքը թույլ տալ, որ Ադրբեջանը ստանա՞։

Զուրաբյան. - Իմ կարծիքով, առաջնային ֆակտորը այն է, որ նրանք չեն ուզում, չունենալով անգամ կրակելու մանդատ, կամ ոչ թե խաղաղապահ, այլ խաղաղարար ուժ լինելու մանդատ, մտնել հակամարտության մեջ Ադրբեջանի հետ, որը պոտենցիալ բերում է հակամարտության Թուրքիայի հետ։ Սա է գլխավոր խնդիրը։ Իսկ թե արդյոք դրա հետևում կա նաև մոտիվ օգտագործելով դա՝ որ բացվի այսպես կոչված զանգեզուրյան միջանցքը, այստեղ ես մի քիչ կասկածանքով եմ։ Որովհետև այն վերաբերմունքը, որ հիմա ադրբեջանցիք թույլ են տալիս Ռուսաստանի նկատմամբ, ռուսական խաղաղապահ զորքերի նկատմամբ, շատ ցավալի հարվածներ են Ռուսաստանի համար։ Եվ ես չեմ կարծում, որ նրանք միտումնավոր և հաշվարկված գնում են նման, իրենց համար ամոթալի, իրենց խայտառակող քայլերի։

«Ազատություն». - Ուրեմն ի՞նչ անել։ Պայմանագրով իրենք են էդ տարածքի վերահսկողը, դուք էլ եք ասում՝ ի զորու չեն էդ պարտավորությունը կատարել, կարող է մի բան էլ ավելի վատ լինել։ Արդյո՞ք արցախահայերի համար չպետք է անվտանգության նոր մեխանիզմ, երաշխիք փնտրվի։

Զուրաբյան. - Իհարկե, երբ որ ինչ-որ մի անվտանգության մեխանիզմ քանդվում է, պետք է մտածել ալտերնատիվ մեխանիզմի մասին։ Ցավոք սրտի, խնդիրը այն է, որ այդ ալտերնատիվը շատ հեշտ չի ուրվագծվում, երևում է, որ նրանք պատրաստ չեն որևէ միջամտություն ունենալ Ղարաբաղի հարցում։ Եթե, օրինակ, Եվրոպական միությունը պատրաստ է և ուղարկել է դիտորդներ, այդ առաքելության իրենք քիչ թե շատ պատրաստ են, բայց Ղարաբաղի հարցում նրանք ո'չ ռազմական, ո'չ խաղաղապահ, ո'չ էլ դիտորդական ներկայության որևէ ցանկություն չեն ներկայացնում։

«Ազատություն». - Պատճառը այն չէ՞, որ Հայաստանը այդ օգնության հայցը չի ներկայացնում։ Նաև Արևմուտքից այդպիսի հայտարարությունն են, չէ՞, հնչում։

Զուրաբյան. - Վրաստանը վաղուց ցանկանում է, ուզում է, դիմել է, 2008 թվականին անգամ ստացել է ՆԱՏՕ-ի Membership Agreement պայմանագիրը։ Եվ Արևմուտքը ո' ՆԱՏՕ են ընդունում, ո'չ զենք են ուղարկում, ո'չ ինչ-որ ուժեր են գալիս... Եթե Վրաստանի դեպքում չկան, ինչո՞ւ պիտի լինեն Հայաստանի դեպքում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG