Մատչելիության հղումներ

Էրդողանի քաղաքական հակառակորդը դատապարտվեց ազատազրկման


Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու, արխիվ
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու, արխիվ

Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից ընդամենը կես տարի առաջ Ռեջեպ Թայիփ Էրդողանի ամենասկզբունքային քաղաքական հակառակորդներից մեկը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, դատապարտվեց երկուսուկես տարվա ազատազրկման։

Չորեքշաբթի երեկոյան hրապարակված դատավճռի համաձայն՝ Իմամօղլուն մեղավոր է ճանաչվել 2019 թվականին հնչեցրած ճառերից մեկում պետական պաշտոնյաների հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար։ Ըստ Reuters գործակալության՝ դատարանն իր այս վճռով Ստամբուլի քաղաքապետին արգելել է նաև քաղաքական գործունեությամբ զբաղվել։

Իմամօղլուն, սակայն, հայտարարում է, որ պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր գործիչն առաջիկայում կշարունակի կատարել ավելի քան 15 միլիոն բնակիչ ունեցող Ստամբուլի քաղաքապետի պարտականությունները և առայժմ ճաղերի հետևում չի հայտնվի։

«Այս դատավճիռը ևս մեկ անգամ վկայում է, որ Թուրքիայում արդարադատություն այլևս գոյություն չունի։ Այս գործը նախաձեռնել են մարդիկ, որոնք Թուրքիայի տարածքում արդարության և ժողովրդավարության նման արժեքներ տեսնելու որևէ ցանկություն չունեն։ Այս դատավարության վրա անամոթաբար ազդել են մարդիկ, որոնք իրենց նույնականացնում են պետության և ազգի հետ», - հայտարարում էր Իմամօղլուն՝ գրեթե բացահայտորեն ակնարկելով, որ իր դեմ կայացված դատավճիռը զուտ քաղաքական, ավելին՝ նախընտրական բնույթ ունի։

«Ես խոստանում եմ ձեզ՝ 2023 թվականին ամեն ինչ շատ լավ է լինելու», - դատավճռի հրապարակումից մի քանի ժամ անց, դիմելով Ստամբուլի քաղաքապետարանի առջև հավաքված հազարավոր իր կողմնակիցներին, հայտարարում էր Իմամօղլուն՝ ակնհայտորեն նկատի ունենալով առաջիկա ընտրությունները։

«Այն, ինչ չկարողացավ անել ընդդիմությունը, արեց Էրդողանը», - երեկվանից կատակում են սոցիալական ցանցերի թուրք օգտատերերը՝ հիշեցնելով, որ տևական ժամանակ է արդեն ինչ թուրքական ընդդիմությունը չի կարողանում հստակ պատասխան տալ, թե ով է լինելու գործող նախագահի գլխավոր մրցակիցն առաջիկա ընտրություններում։

Արդյոք ընդդիմության միասնական թեկնածուն Էքրեմ Իմամօղլուն կլինի՝ այս պահին ասել շատ դժվար է, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ վճիռներ կկայացնեն ավելի բարձր ատյանի դատարանները։ Մեկ բան, սակայն, ակնհայտ է՝ Ստամբուլի քաղաքապետի դեմ կայացված դատավճիռը նոր լիցք է հաղորդել թուրքական ընդդիմության առաջնորդներին։ Չորեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ Թուրքիայի առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ, Իմամօղլուի կուսակից Քեմալ Քըլըչդարօղլուն ընդհատել է այցը Գերմանիա և շտապ վերադարձել հայրենիք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG