«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ պահանջելով չեղյալ համարել քվեարկության արդյունքները և կրկնել ընտրությունները: «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը ԿԸՀ-ին դիմում ներկայացնելուց հետո լրագրողներին ասել է, թե այս քայլով ուզում են փարատել ընտրությունների արդյունքների շուրջ կասկածները:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ձայների ամբողջական վերահաշվարկի մեր պահանջը, և մենք ստիպված ենք ընդունել այդ որոշումը: Սակայն տեխնիկական սխալների ուղղումից և ձայների միայն 10 տոկոսի վերահաշվարկից հետո տեսանք, որ թեկնածուների հավաքած քվեների տարբերությունը 29 հազարից նվազեց 13 հազար 900-ի: Պնդում ենք, որ ձայների ամբողջական վերահաշվարկի պարագայում ընտրությունների արդյունքները մեր օգտին կլինեին: Մենք գնում ենք արտակարգ բողոքարկման ճանապարհով, պետք է փարատել բոլոր կասկածները», - ասել է Յավուզը՝ բերելով ընտրախախտումների մի շարք օրինարկներ:
Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է՝ ստանալով քաղաքացիների ձայների 44,33 տոկոսը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը 30,12 տոկոսով երկրորդ տեղում է: Երկրի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, ընդդիմության թեկնածուն՝ Էքրեմ Իմամօղլուն 0,25 տոկոսով հաղթում է իր մրցակցին՝ Թուրքիայի նախկին վարչապետ, Մեջլիսի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմին: