Թուրքիայում դատախազությունը ցանկանում է ձերբակալել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին, որը հայտնի է իշխանությունների հանդեպ կոշտ դիրքորոշմամբ և համարվում է Էրդողանի հիմնական մրցակիցը: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, իրավապահները պահանջում են չորս տարով ազատազրկել Էքրեմ Իմամօղլուին` Ընտրական հանձնաժողովին վիրավորելու համար:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչը 2019-ին հաղթել էր Էրդողանի կուսակից Բինալի Յըլդրըմին Թուրքիայի ամենամեծ քաղաքի` Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում: Իշխող ուժը քվեարկության արդյունքները չէր ընդունել, ընտրական հանձնաժողովն էլ չեղարկել և նոր ընտրություն էր նշանակել:
«Այդ որոշումն ընդունող պաշտոնյաները հիմար են և ստվերում են Թուրքիայի միջազգային հեղինակությունը», - հայտարարել էր Իմամօղլուն, ինչի համար էլ դատախազությունը նրա համար ազատազրկում է պահանջում: Սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն` Իմամօղլուի վարկանիշը ավելի բարձր է, քան նախագահ Էրդողանինը, ինչը և անկախ փորձագետների, նրա դեմ քրեական հետապնդման հիմնական պատճառն է 2023-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: