Մատչելիության հղումներ

Ընդդիմության թեկնածուն հաղթեց Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում


Էքրեմ Իմամօղլու
Էքրեմ Իմամօղլու

«Ամեն ինչ շատ լավ է լինելու» կարգախոսով ընտրության գնացած Էքրեմ Իմամօղլուն համոզիչ հաղթանակ տարավ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում:

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է նախօրեին կայացած ընտրության արդյունքները՝ վերջնականապես արձանագրելով ընդդիմության թեկնածուի հաղթանակը: Ժողովրդահանրապետական և Լավ կուսակցությունների առաջադրած թեկնածուն՝ Էքրեմ Իմամօղլուն ստացել է ընտրողների ձայների 54,21 տոկոսը, իսկ իշխող Արդարություն և զարգացում ու Ազգայնական շարժում կուսակցությունների թեկնածու Բինալի Յըլդըրըմը 44,99 տոկոսը:

Ուշագրավ է, որ ընդդիմադիր գործիչը վերջին 35 տարվա ընթացքում Ստամբուլի ՏԻՄ ընտրություններում ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուն է, իսկ 1984 թվականից ի վեր միայն Իմամօղլուին է հաջողվել 50 տոկոսից ավել քվե ստանալ:

Էքրեմ Իմամօղլուի տպավորիչ հաղթանակը մեծ ոգևորություն էր առաջացրել Ստամբուլում: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո մարդիկ դուրս էին եկել փողոց իրար շնորհավորելու և տոնելու իրենց թեկնածուի հաղթանակը: Բեյլիքդյուզու վարչական շրջանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին դիմավորելու Ստամբուլի նորընտիր քաղաքապետին:

«Մենք այս քաղաքում ժողովրդավարություն ենք կառուցելու, արդարություն ենք կառուցելու: Այս հասարակությունը ազատության է հասնելու, հաղթելու է անարդարությունները: Ես հավատում եմ մեր ժողովրդին, հավատում եմ նաև ժողովրդավարության հանդեպ նրանց հավատքին», - հայտարարել է Իմամօղլուն՝ դիմելով հավաքված բազմությանը:

Ժողովրդավարության համար Իմամօղլուի պայքարին հավատում է նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Փորձագետների կարծիքով, նա հաղթել է հենց այս կուսակցության համակիրների ձայների շնորհիվ:

«Մեր կուսակցության ընտրազանգվածը այս անգամ ավելի վճռական էր: Մեկ մարդու ռեժիմը այլևս տապալված է: Սա ընտրության ամենակարևոր արդյունքն է: Վաղվանից սկսում ենք նորոգել ժողովրդավարությունը», - «Բիանեթ»-ի հետ զրույցում ասել է ԺԴԿ-ի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

49-ամյա Էքրեմ Իմամօղլուն ծնունդով սևծովյան Տրապիզոնի նահանգից է: Քաղաքական կարիերան սկսել է 2008 թվականին՝ անդամակցելով Ժողովրդահանրապետական կուսակցություանը, տարիներ շարունակ եղել կուսակցության ղեկավար կազմում: 2014 թվականից ի վեր պաշտոնավարել է որպես Ստամբուլի Բեյլիքդյուզու վարչական շրջանի ղեկավար: 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կուսակցության կողմից առաջադրվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում:

Մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 13 հազար ձայների տարբերությամբ Ստամբուլում հաղթել էր ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Իշխող կուսակցության բողոքարկումից հետո, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մայիսի 6-ի որոշմամբ, չեղարկել էր քվեարկության արդյունքները՝ հայտարարելով, որ ընտրությունը պետք է կրկնել:

Այս անգամ Իմամօղլուի հաղթանակը անկասկած է: Իշխանության թեկնածու Բինալի Յըլդըրըմը շնորհավորել է մրցակցին գրանցած հաջողության համար: Իմամօղլուին շնորհավորել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ այսպիսով ընդունելով քվեարկության արդյունքները:

Մասնագետները վկայում են՝ Արդարություն և զարգացում կուսակցությունը 2002 թվականից՝ իշխանության գալուց ի վեր, այս ընտրություններում ամենածանր պարտությունն է կրում: Վերլուծությունները ցույց են տալիս, որ Իմամօղլուն ձայներ է ստացել նաև իշխանության կողմնակիցներից և այս հանգամանքը Էրդողանի համար ազդանշան է գնալ կադրային փոփոխությունների կուսակցության ներսում: Կարծիք կա, որ այս պարտությունը հնարավոր է դառնա Էրդողանի ու նրա կուսակցության երկարամյա իշխանության վերջի սկիզբը:

«Ստամբուլում հաղթողը Թուրքիայում կհաղթի, Ստամբուլը կորցնողը Թուրքիան կկորցնի» Էրդողանի հայտնի խոսքը կարող է իրականություն դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG