Կոսովոյի հյուսիսային շրջանի մոտ յոթ տասնյակ հազար սերբերի բողոքը կրկին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել։
Բրյուսելը, Վաշինգտոնը ջանքեր են գործադրում բողոքի ալիքը մարելու համար, Միացյալ Նահանգները դիվանագետներ է ուղարկում մասնակիորեն ճանաչված Կոսովոյի հանրապետություն՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով։
Անհանգիստ տարածաշրջանում իրավիճակը կրկին սրվել է անցած հանգստյան օրերին․ կրակոցներ, անկարգություններ, ի նշան բողոքի էթնիկ սերբերը երրորդ օրն է՝ շարունակում են ծանր բեռնատարներով փակ պահել հիմնական ճանապարհները։
Պրիշտինայի իշխանություններին ենթարկվող Կոսովոյի ոստիկանությունը հայտնում է, որ անցած հանգստյան օրերին անհայտ անձինք մի քանի անգամ կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ։ Հաղորդվում է, որ լուսաձայնային նռնակ է նետվել նաև սերբաբնակ տարածաշրջանում պարեկություն իրականացնող Եվրամիության առաքելության զրահապատ մեքենայի ուղղությամբ, տուժածների մասին տեղեկություններ չկան։
Բողոքի հերթական ալիքը բռնկվել է սերբ նախկին ոստիկան Դեյան Պանտիչի ձերբակալության ֆոնին։ Վերջինս մեղադրվում է մի խումբ պաշտոնյաների նկատմամբ բռնությունների մեջ, որոնք, ինչպես հաղորդվում է ներգրաված են Կոսովոյի հյուսիսային բնակավայրերում ՏԻՄ ընտրությունների կազմակերպման գործընթացում։ Կոսովաբնակ սերբերը դեմ են այդ ընտրություններին, որոնք նշանակվել են Կոսովոյի իշխանության մարմիններում աշխատող մոտ 600 սերբ ներկայացուցիչների հրաժարականներից հետո։ Այդ թվում՝ ընտրովի պաշտոններ զբաղեցնող մի խումբ սերբեր հրաժարական են ներկայացրել ի նշան բողոքի՝ սերբական պետհամարանիշները կոսովականի փոխարինելու Պրիշտինայի պարտադրանքի դեմ։
Կոսովոյի հյուսիսը հիմնականում բնակեցված է սերբերով, խոսքը մոտ 75 հազարի մասին է, որոնք Կոսովոյի անկախության հռչակումից 14 տարի անց էլ հրաժարվում են ճանաչել Պրիշտինայի ենթակայության տակ գործող հաստատությունները` շարունակելով օգտագործել Սերբիայի իշխանությունների կողմից տրված պետհամարանիշներն ու փաստաթղթերը։
Թեև կոսովական համարանիշների նոր կարգի կիրառումը, ինչպես նաև ՏԻՄ ընտրությունները Պրիշտինան միջազգային գործընկերների հորդորով հետաձգել է, սերբերի շրջանում դժգոհությունն ու լարվածությունն, այդուհանդերձ, չի մարել։
Անցած շաբաթավերջին կոսովական իշխանությունները հյուսիսային տարածաշրջան են ուղարկել ոստիկանական հատուկ ջոկատներ՝ պարեկություն իրականացնելու նպատակով, ինչն է՛լ ավելի է բորբոքել կացությունը։
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հորդորել է ապաշրջափակել մայրուղիները՝ հակառակ դեպքում սպառնացել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը վերականգնել ուժով։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը կիրակի ուշ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Կոսովոյում ապրող հայրենակիցների շուրջ ստեղծված կացությունը քննարկելու նպատակով, նիստի ավարտին Կոսովոյում տեղակայված ՆԱՏՕ-ի առաքելությանն է դիմել՝ կոչ անելով թույլ տալ սերբ զինվորականներ և ոստիկաններ տեղակայել՝ սերբ փոքրամասնության իրավունքները պաշտպանելու նպատակով։ Վուչիչը պնդում է, որ Բելգրադն ունի նման իրավունք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն։
Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ չի արձագանքել։ Վուչիչը նախազգուշացրել է՝ սերբական զորքերը պատրաստ են պաշտպանել իրենց «հայրենիքը», եթե խաղաղություն չհաստատվի՝ պնդելով, որ Պրիշտինան շարունակում է հետապնդել էթնիկ սերբերին։
Կոսովոն Սերբիայից դե ֆակտո անջատվել է 1999-ին և միակողմանիորեն անկախություն հռչակել 2008-ին։ Պրիշտինայի հռչակած անկախությունը ճանաչել են աշխարհի 114 պետություններ: Սերբիան, սակայն, շարունակում է պնդել, որ իր նախկին նահանգը երկրի անբաժանելի մասն է: Այս հարցում Բելգրադին պաշտպանում են աշխարհի մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից երկուսը` Ռուսաստանն ու Չինաստանը: Եվրամիությունը փորձում է համոզել բալկանյան երկու հարևաններին հարթել կնճռոտ հարցերը և բարիդրացիական հարաբերություններ հաստատել, սակայն այդ թվում՝ Բրյուսելի միջնորդությամբ տարիներ շարունակվող բանակցությունները առայժմ էական արդյունք չեն տվել:
«Ես գիտեմ, որ երկու կողմերն էլ պատրաստ են թուլացնել լարվածությունը», - այսօր Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ կոչ անելով կողմերին քայլեր ձեռնարկել իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։
«Նրանք պետք է վերսկսեն երկխոսությունը և վերջ տան փողոցային կռիվներին», - հավելել է Եվրամիության պաշտոնյան։
Պաշտոնական Վաշինգտոնն էլ տարածաշրջան է գործուղել Արևմտյան Բալկանների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Գաբրիել Էսկոբարին և Պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլլեին՝ Կոսովոյի իշխանությունների հետ ուղիներ փնտրելու տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։