Գրեթե երկու տարի շարունակված վեճերից և տարաձայնություններից հետո Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել մասնակիորեն ճանաչված հանրապետության տարածքում Բելգրադի կողմից թողարկված պետհամարանիշների օգտագործման շուրջ, անցած գիշեր Twitter-ի իր օգտահաշվում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատու Ժոզեպ Բորելը։
«Մեծ ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ Կոսովոյի և Սերբիայի կողմից գլխավոր բանակցողներին, ԵՄ միջնորդությամբ, հաջողվել է համաձայնություն ձեռք բերել, որը թույլ կտա խուսափել իրադրության հետագա սրումից և ամբողջությամբ կենտրոնանալ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջարկների վրա», - գրել է Բորելը։
«Սերբիան կդադարեցնի պետհամարանիշներ թողարկել, որոնց վրա նշված կլինեն Կոսովոյում գտնվող քաղաքների անունները։ Կոսովոն իր հերթին զերծ կմնա ավտոմեքենաների վերագրանցմանն ուղղված հետագա գործողություններից», - նշել է ԵՄ պաշտոնյան։
Իրադրությունը Կոսովոյում սրվել էր այն բանից հետո, երբ պաշտոնական Պրիշտինան երկրամասի հյուսիսում բնակվող ավելի քան 10 հազար սերբ վարորդների համար 48-ժամյա վերջնաժամկետ էր սահմանել՝ պահանջելով վերագրանցել մեքենաները և տեղական պետհամարանիշներ ստանալ։ Վերջնաժամկետը լրանում էր այսօր վաղ առավոտյան։