Բաքուն նոտա է հղել Մոսկվա՝ կոչ անելով ռուսական կողմին ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան ապահովել Ադրբեջանի ներկայացուցիչների անարգել մուտքը Արցախում գտնվող հանքավայրեր մոնիտորինգի համար, կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ նոտայում ընդգծվում է «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության՝ ղարաբաղյան շրջանում իր գործունեության խստիվ պահպանության անհրաժեշտությունը»։
Արցախի հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցները և հարակից համայնքների բնակիչները շաբաթ օրը ինքնաբուխ կերպով արգելափակել են ադրբեջանական խմբի մուտքը Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի տարածք, հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ըստ հաղորդման՝ ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն հանքավայրեր:
«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր», - նշել է տեղեկատվական շտաբը՝ հավելելով, որ քանի որ առաջարկված ծրագիրը համաձայնեցված չի եղել Արցախ իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ, արգելվել է:
Արցախի ընդերքն ու բնապահպանական թեման Բաքվի օրակարգում առաջին պլան մղվեց մեկ շաբաթ առաջ՝ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակ պահեցին ավելի քան երեք ժամ այն պատճառաբանությամբ, որ Արցախում օգտակար հանածոներն ապօրինի շահագործում են բնապահպանական ռիսկերով:
Օրեր առաջ պաշտոնական Երևանը Ադրբեջանի բնապահպանական մեղադրանքները կապեց Լաչինի միջանցքը փակելու մտադրության հետ։