Մատչելիության հղումներ

Արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը Արցախի հանքավայրերի տարածք․ Արցախի տեղեկատվական շտաբ


Արցախի հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցները և հարակից համայնքների բնակիչները ինքնաբուխ կերպով արգելափակել են ադրբեջանական խմբի մուտքը Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի տարածք, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ըստ հաղորդման՝ ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն հանքավայրեր:

«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր», - նշում է տեղեկատվական շտաբը՝ հավելելով, որ քանի որ առաջարկված ծրագիրը համաձայնեցված չի եղել Արցախ իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ, արգելվել է:

Բացի այդ, ինչպես նշում է տեղեկատվական շտաբը, իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, «որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո»։

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ տեղում «սադրանք է կազմակերպվել», և մոնիթորինգը ձախողվել է: Նրանք դրա համար մեղադրել են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և պետական նախարար Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև շեշտել, որ «հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուս խաղաղապահները պայմաններ չեն ստեղծել ադրբեջանցի մասնագետների բնականոն գործունեության համար»։

Պաշտոնական Բաքուն երեկ առավոտյան էր ազդարարել՝ նախնական մոնիտորինգ է սկսում Արցախում՝ Մարտակերտի շրջանում: Ադրբեջանի էկոնոմիկայի ու բնական պաշարների նախարարությունները համատեղ հայտարարություններ էին արել, որում հղում էին արել ռուս խաղաղապահների հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքին:

Արցախի ընդերքն ու բնապահպանական թեման Բաքվի օրակարգում առաջին պլան մղվեց ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակ պահեցին ավելի քան երեք ժամ այն պատճառաբանությամբ, որ Արցախում օգտակար հանածոներն ապօրինի շահագործում են բնապահպանական ռիսկերով:

Օրեր առաջ պաշտոնական Երևանը Ադրբեջանի բնապահպանական մեղադրանքները կապեց Լաչինի միջանցքը փակելու մտադրության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG