«Ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների» այցին հաջորդեց Ադրբեջանի բնապահպանական ոլորտի պետական պաշտոնյաների այցը Լեռնային Ղարաբաղ։
Ադրբեջանցի պաշտոնյաները ռուսաստանյան խաղաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման գնացին Շուշիից։ Քննարկումներից հետո Բաքուն հայտարարեց, թե կհետաքննի Արցախում «բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը»։
Հանդիպումը, ինչպես հաղորդվում է, կայացել է Իվանյանում (Խոջալու) տեղակայված ռուսաստանյան զորախմբի շտաբում, քննարկումների ընթացքում ադրբեջանական կողմը բարձրացրել է Արցախի «օգտակար հանածոների հանքավայրերի ստուգման, տարբեր ոլորտներում ապօրինի շահագործման կանխարգելման, մոնիտորինգի և գույքագրման, գույքի կադաստրային հաշվառման կազմակերպման, գնահատման հարցերը»։
Ադրբեջանի կառավարությունը այդ քննարկումները գնահատեց «կառուցողական»՝ նշելով, որ ռուսական կողմի հետ թեմայի շուրջ շփումները կշարունակեն նաև վաղը։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Մասիմ Մամեդովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ռուս խաղաղապահներին փոխանցել են Ղարաբաղում «հանքավայրերի անօրինական շահագործման մշտադիտարկման հետ կապված» իրենց առաջարկները։ Մասիմովը հիշատակեց Դրմբոնի ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերը՝ նշելով, որ դրանց հետ են կապված խնդիրները։ Սրանք երկու խոշորագույն հանքերն են, որոնք 44 -օրյա պատերազմի ընթացքում չեն անցել Բաքվի վերահսկողության տակ։
«Այսօր ռուս խաղաղապահների շտաբում մենք առաջարկություններ ենք ներկայացրել մեր պատրաստած ճանապարհային քարտեզի վերաբերյալ՝ կապված Դեմիրլիի և Գըզըլբուլաղի հանքավայրերի անօրինական շահագործման մշտադիտարկման և դրա արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատման հետ։ Հուսով ենք, որ վաղը մենք կշարունակենք մեր աշխատանքը», - ասաց նա։
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումը չի մեկնաբանել, հրապարակավ պարզաբանումներ չի ներկայացրել։
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ ադրբեջանական պատվիրակությունից ռուս խաղաղապահների հետ շտաբ է ուղևորվել 5 հոգի, մյուսներին, մասնավորապես մի խումբ լրագրողների, ըստ նույն աղբյուրների, չի թույլատրվել մուտք գործել խաղաղապահների պատասխանատվության գոտի: Հայտնի չէ՝ այդ հանդիպմանը Արցախի պաշտոնյաները մասնակցել են, թե ոչ։
Ստեփանակերտը մինչ այս պահը պաշտոնապես չի արձագանքել մայրաքաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցած ռուս-ադրբեջանական հանդիպման փաստին, որի ընթացքում, ըստ էության, քննարկվում էր Արցախի տնտեսության շարժիչ ուժը։ Վերջին երկու տասնամյակներին Արցախի պետական եկամուտների զգալի մասը ստացվում էր հանքարդյունաբերության ոլորտից։ Մասնավորապես, «Վալեքս» ընկերությունը տարիներ ի վեր գլխավորում էր Արցախի խոշոր հարկատուների ցանկը։ «Վալեքսը» շահագործում է Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի հանքավայրը, որտեղ, ըստ ընկերության տվյալների, աշխատում է ավելի քան հազար մարդ։ Տարբեր գնահատականներով՝ այդ հանքավայրում պղնձի պաշարների ծավալը կազմում է մոտ 100 միլիոն տոննա։
44-օրյա պատերազմի ընթացքում Կաշենի հանքի հարստացուցիչ կոմբինատի պոմպակայանը մնացել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում: Հանքի շահագործումը վերսկսվել է ամիսներ անց՝ նոր ենթակառուցվածքների կառուցումից հետո:
Ինչ վերաբերում է Դրմբոնին, «Վալեքսի» կողմից այս հանքավայրի տասնամյա շահագործման արդյունքում սպառվել են պղինձի ու ոսկու պաշարները: