Մատչելիության հղումներ

Իշխանությունը մտադիր է Ոստիկանությունը դարձնել Ներքին գործերի նախարարություն


Իշխանությունը մտադիր է Ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը միավորել ու Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծել։ Այս կառույցը կլինի քաղաքական՝ հաշվետու Ազգային ժողովին։ Քաղաքական կառույցի ղեկավարը կարող է լինել իշխող թիմի անդամ՝ կուսակցական։ Այսօր այս թեմայով Ազգային ժողովում լսումներ էին։

«Ներքին գործերի նոր նախարարության տանիքի ներքո մենք կունենանք երեք միավորվող խոշոր ծառայություններ՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը», - Ազգային ժողովում ասաց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Իսկ ի՞նչ կփոխվի, եթե Ոստիկանությունը դառնա քաղաքական կառույցի մաս։ Ըստ Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի՝ ավելի արդյունավետ կգործի։ Քաղաքական ու քաղաքացիական վերահսկողությունը համակարգի նկատմամբ ուժեղ կլինի։

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան

«ՆԳՆ-ի ստեղծման ճանապարհով մենք ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնենք, այլև կնպաստենք դրա թափանցիկ գործելաոճին և հաշվետվողականության ավելացմանը», - ասաց Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ընդդիմադիրներն այս լսումներին չէին մասնակցում։ Ներկա էին գործադիրից պաշտոնյաներ, դեսպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հովհաննես Քոչարյան
Հովհաննես Քոչարյան

Փաստաբան Հովհաննես Քոչարյանը հիշեցրեց 90-ականների օրինակը, երբ Ոստիկանություն չէր, ներքին գործերի նախարարություն էր ու մշտապես մեղադրանքներ կային, որ քաղաքականացված ու կուսակցականացված մարմին է։

«Հետևաբար այդ ռիսկերի չեզոքացման միակ ճանապարհը եղել և մնում է ճիշտ հավասարակշռությունը, ֆունկցիաների հստակ սահմանազատումը և հսկողության պատշաճ ընթացակարգերը», - ասաց փաստաբանը:

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ստեղծվելիք նախարարության կառուցվածքը ներկայացնելիս նշեց, որ ոստիկանապետն ու փրկարար ծառայության պետը նաև նախարարի տեղակալների կարգավիճակ են ունենալու։

Արփինե Սարգսյան
Արփինե Սարգսյան

«Ոստիկանության պետը և փրկարար ծառայության պետը, ըստ էության, համատեղելու են նախարարների տեղակալների պաշտոնները: Բայց այստեղ օրենսդրական շատ հստակ ընդգծումներով այնպես է տրվելու, որ քաղաքական պաշտոնների և վարչական պաշտոնների կոնֆլիկտ, ըստ էության, մենք չեք ունենալու», - ասաց Սարգսյանը:

Մինչդեռ Հովհաննես Քոչարյանը, որ նախկինում Ոստիկանությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, առաջարկում է՝ ոստիկանապետը նախարարությունում այլ կարգավիճակ ունենա։ Ոչ թե դառնա նախարարի տեղակալը կամ ենթական, այլ ինքնավար լինի։ Հակառակ դեպքում Ոստիկանության անկախությունը կասկածի տակ կլինի։ Եվ ոստիկանապետին պաշտոնից ազատելը չլինի վարչապետի ու ներքին գործերի նախարարի հայեցողությամբ, այլ օրենքով հիմքեր սահմանվի։

«Ոստիկանության պետի նշանակման և ազատման հարցը պետք է նայվի լիազորությունների ինքնավարության և քաղաքական կախվածության բացառման սկզբունքից: Վարչական ինքնավարությունը իր լիազորությունների համար անհատական պատասխանատվությունը, պաշտոնից ըստ նպատակահարմարության ազատելու հնարավորությունների սահմանափակումը, Ոստիկանության գործունեության համար լրացուցիչ երաշխիքներ է ստեղծելու: Նշանակողը չպետք է ունենան անսահմանափակ հայեցողական լիազորություն պաշտոնից ազատելու ուժային կառույցների ղեկավարներին», - ասաց փաստաբանը:

Ներքին գործերի նախարարություն ստեղծելու օրենսդրական փաթեթը դեռ նախնական փուլում է։ Խորհրդարանական լսումներից հետո պետք է ամբողջացնեն ու ներկայացնեն Ազգային ժողովի դատին։ Հավանաբար աշնանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG