Մատչելիության հղումներ

Լաչինից տեղահանված և Երևանում ապաստանած 16 ընտանիք փողոցում հայտնվելու վտանգի առջև է կանգնած


3 օրից՝ օգոստոս 1-ին Լաչինից տեղահանված հինգ մանկահասակ երեխաներով ընտանիքը փողոցում հայտնվելու վտանգի առջև է կանգնած։ Անահիտ Գրիգորյանը մեկն է պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներից տեղահանված այն 16 ընտանիքներից, որ 1 տարուց ավելի Նոր այգիներ հասցեում տեղակայված կիսախարխուլ շենքում է ապաստարան գտել։

Դեռ տարվա կեսին շինությունն ու տարածքը սեփականաշնորհվել են, և փաստորեն մեկ անգամ արդեն տնից-տեղից զրկված մարդիկ նորից պետք է եղած-չեղած իրերը հավաքեն ու նոր հասցե փնտրեն:

«Պետգույքի նախարարը եկավ ստեղ, ասաց՝ «շենքը դնում ենք վաճառքի», մենք խնդրեցինք, ասացինք, որ «մի արեք էդ բանը, եթե մինչև հիմա չեք վաճառել, էլի մի վաճառեք, մինչև պետությունը....», նենց չի մեզ էս շենքը շատ պետք ա, մեզ ուղղակի պետք ա տանիք, որ ապրենք, քանի որ վարձով շատ դժվար ա ապրելը, մանավանդ ես բազմազավակ ընտանիք եմ, չգիտեմ երեխաներիս կերակրեմ, թե վարձ տամ», - ասաց Գրիգորյանը:

Պատերազմից հետո Արցախից Հայաստան տեղափոխված մոտ 20000 մարդուց ավելի քան 5000-ը դեռ շարունակում է ապրել Հայաստանում, և նրանցից շատերը պարբերաբար բարձրաձայնում են սոցիալական, բնակարանային խնդիրների մասին։ Այս դեպքը, սակայն, սովորական չէ. պետական այրերն ապաստարան դարձած շինության վաճառքից հետո խոստացել են, որ առաջնահերթության կարգով լուծելու են հենց այս 16 ընտանիքի հարցը։

Տեղահանված արցախցիների համար պետական աջակցության միակ տարբերակն այսօր բնակարանի գնման հիփոթեքային ծրագրին է, որը դեռ չի գործարկվել, ընդամենը տվյալների համադրման փուլում է։ Այսինքն՝ Արցախից ստացված տվյալները պետք է դեռ նույնականացվեն դիմումների հետ։ Նոր այգիների բնակիչները դեռևս միակն են, որ ստացել են պետական այս հավաստագրերը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Գայանե Ղարագյոզյանի խոսքով՝ հնարավորություն ունեն արդեն իսկ դիմել բանկերին հիփոթեք ձևակերպելու համար։

«Այս պահին դեռ չունենք ընտանիք, որն արդեն ձեռք է բերել, բայց գործընթացը սկսել է, բոլորս էլ հասկանում ենք, որ հիփոթեքային վարկի տրամադրման գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում», - ասաց Ղարագյոզյանը:

Երևանում տուն գնելու դեպքում պետական սուբսիդավորումը մինչև 8 մլն դրամ է, մարզերում մինչև 10 մլն, Արցախում մինչև 12 մլն։ Երբ բանկը հաստատում է հիփոթեքը, պետությունը նշված գումարի չափով սկսում է վճարել։

«Ոչինչ չի խանգարում ընտանիքների սկսել գործընթացը գոնե էդ գումարի շրջանակներում՝ էս պահին գույք ձեռք բերելու», - ասաց նախարարության ներկայացուցիչը:

«Հենց հիմա ասում եմ, որ ես սրանից հրաժարվում եմ, պատճառն էլ շեշտում եմ ինչի համար, որ 10 միլիոնով ես տուն չեմ կարող առնել, մանավանդ, որ բանկն է գնահատումն անում, տան կես գումարն է հաշվում», - նշեց Անահիտ Գրիգորյանը:

Խնդիրն էլ հենց այստեղ է սկսվում. անշարժ գույքի շուկան հատկապես վերջին շրջանում կրկնակի թանկացել է։ Քելբաջարում տունը թողած Մխիթար Պետրոսյանը տարակուսում է՝ ինչպե՞ս է հնարավոր տուն գտնել այսքան գումարով այսքան կարճ ժամանակահատվածում։

«Մինչև 10 միլիոն մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ մի տուն չեն կարա առնենք, կառնենք Աշոցքում, կառնենք նորից Ղարաբաղում, բայց մենք 25 տարի արդեն ապրել ենք Ղարաբաղում մեր տներում, ու ոչ թե գրավել են մեր հողը, մեր տնից անձամբ ինձ հանել են դուրս, ասել են՝ «դու պետք ա գնաս, ունես 7 ժամ», - ընդգծեց Պողոսյանը:

Քաշաթաղցի Լուսինե Մելիքսեթյանը, որ երկրորդ բալիկին է սպասում, ասում է՝ էլի ի վիճակի չէ ապրել այսպիսի պայմաններում՝ առնետների, խավարասերների շրջապատում, առանց պատուհան, առանց բազրիք շինությունում։ Շենքի Միակ լավատեսն էր. արդեն դիմել է բանկին, անհամբեր սպասում է պատասխանին. - «Հոկտեմբերյանի գյուղերը տուն եմ ճարել, 10 միլիոն է արժեքը, պիտի գնանք գնահատել տանք, տեսնենք ինչ է լինում»:

Առավել ծանր է բազմազավակ մայրը Անահիտի վիճակը։ 1 տարի է տուն է փնտրում բոլոր մարզերում, պետության տված գումարով չի կարողանում մի հարմար բան գտնել՝ 7 շունչ տեղավորելու համար. - «Շրջաններում 10 միլիոնով դու տուն չես կարա գտնես, մինիմում անտանիք, անպատուհան, անդուռ չորս պատ, ման ենք եկել, չկա նման բան»:

Նախարարությունում, ընդունում են, խնդիր կա, բայց լուծում դեռ չունեն։ Ավելին՝ սուբսիդավորելիս էլ հաշվի չի առնվում ընտանիքը մեկ, թե 10 հոգուց է բաղկացած։ Գումարի չափը դրանից չի փոխվում։

«Անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գնաճը մի փոքր նման խնդիր առաջացրել է, բայց որոշակի խմբաքանակ տալուց հետո, երբ որ կհասկանանք, որ իսկապես կա նման խնդիր և, օրինակ, 10 միլիոն դրամի շրջանակներում Հայաստանի Հանրապետության որևէ մարզային բնակավայրում հնարավոր չի լինի ձեռք բերել անշարժ գույք, որը պիտանի է, որ ընտանիքն այնտեղ բնակվի, այդ ժամանակ կվերանայվեն ծրագրի պայմանները», - նշեց նախարարության ներկայացուցիչը:

Մինչ հավաստագրերը ձեռքին արցախցիները մարզից մարզ ընկած բնակարան են փնտրում, հայտնի չէ, թե քանիսին բախտ կվիճակվի միանալ նրանց փնտրտուքներին։ Բնակարանի ձեռք բերման հիփոթեքային պետական ծրագիրը նախատեսված է շուրջ 3000 ընտանիքի համար, բայց նախարարությունն արդեն իսկ 4000-ից ավելի դիմում է ստացել։

XS
SM
MD
LG