Քանի ամիս է 9-ամյա Միլան անվաչմուշկի փող է փորձում հավաքել։ Քաշաթաղից տեղահանված վեց հոգանոց ընտանիքում սա հեշտ լուծվող հարցերից չէ. - «Ես չեմ կարում հավաքեմ»։
Տուն-տեղ կորցրած արցախցիների համար նախատեսված աջակցության ծրագիրը հենց ուշանում է, Միլայի պահուստն է օգնության հասնում։ «Ինքը շատ բարա ա։ Որ հանկարծ տեսնում է տան մեջ խոսակցություն է գնում գումարի, գալիս-ասում ա՝ էս վերցրեք-օգտագործեք, էլ չեմ ուզում», - ասում է Միլայի մայրը՝ Թամարա Հովհաննիսյանը։
Նա դստեր, թոռան հետ Բերձորից է տեղահանվել, որդու ընտանիքը՝ Իշխանաձորից։ Բոլորով Երևանի ծայրամասում տուն են վարձել՝ ամիսը 100 հազար դրամ են վճարում։ Ապրիլը կիսվեց, իսկ ընտանիքը հունվար, փետրվար ամիսների համար նախատեսված աջակցության գումարը դեռ չի ստացել. - «Հայաստանի սոցիալական նախարարություն զանգեցինք, իրենք սկզբից ասում էին դեռ չգիտենք երբ պիտի վճարումները լինի։ Հետո երևի որ զանգողներն արդեն շատ էին, ասեցին՝ փոխանցումը կատարվել է Արցախ։ Արցախում զանգել ենք, ճիշտ ասած, չեն ասել, որ մերժվել է, փակվել է, բայց ասում են՝ դեռ չգիտենք, երբ կփոխանցեն»։
Թամարան ասում է՝ միայն դուստրն է ստացել 20 հազար դրամը։
Պատերազմից հետո տեղահանվածների համար աջակցության մի քանի ծրագրեր սկսվեցին, հետո դրանք հերթով մաշվեցին, փակվեցին... Հունվար-փետրվարի համար կառավարությունը նախատեսել էր ամսական 20 հազար դրամ մեկ շնչի հաշվով, 40 հազար՝ անչափահասներին։
«Տան վարձ պիտի տայինք», - ասում է Թամարա Հովհաննիսյանը։ - «Առանձին որ վերցնում ենք, քսան հազարը քիչ է երևում, բայց որ բոլորինս միասին վերցնում ենք, երկու ամսվա տան վարձ կարում էինք տանք էդ գումարով»։
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» կազմակերպության ղեկավար Կարինե Մովսեսյանի հեռախոսը հաղորդագրություններից պայթում է, հարյուրավորներ են գրել, որ կառավարության նախատեսած գումարը չենք ստացել։ Մովսեսյանն ինքը զանգել է սոցապ նախարարություն, իրեն փոխանցել են, որ ծրագիրը փակված է. - «Այս պահին գրեթե 80 տոկոսը չի ստացել էդ աջակցություններից։ Եվ ավելի շատ մեզ զարմացրեց, որ ասում են, որ ծրագիրը արդեն փակված է։ Եթե մարդիկ չեն ստացել էդ աջակցությունը, իսկ մարդիկ հույս են դրել էդ աջակցության վրա, ո՞ւր են կորել էդ գումարները»։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ասում են, որ հունվար-փետրվար ամիսների աջակցության գումարները կառավարության որոշմամբ պետք է բաշխի Արցախի կառավարությունը։ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության տեղեկատվության բաժնի պետ Անի Ավանեսյանից տեղեկացանք, որ ծրագիրը չի փակվել, ձգձգվում է մի քանի պատճառով։ Նախ Արցախում անվտանգության հետ կապված հրատապ հարցեր են ծագել, և կառավարությունը որոշակի վերաբաշխում է արել։
Երկրորդ պատճառը ցուցակներն են. - «Որոշակի խնդիրներ էին առաջացել էդ ցուցակների, քաղաքացիների ցուցակների ճշգրտման պատճառով, որն իրականացնել ենք Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ։ Մարտի 29-ից արդեն իսկ գործընթացը մեկնարկել է, վճարումներն իրականացվում են փուլերով»։
Տեղահանվածների համար աջակցության ծրագրեր պատերազմի ավարտից հետո արդեն մեկուկես տարի է, ինչ իրականացվում են, ինչո՞ւ է ցուցակների ճշգրտումը այդքան երկար տևում։ Այս հարցի պատասխանը Արցախի սոցապի ավելի վաղ տարածած հայտարարության մեջ է, որտեղ նշված է, թե Հայաստանի գերատեսչությունն է ցուցակների ճշգտումն ավարտել ու փոխանցել Արցախի գործընկեր կառույցին։ Սրան էլ գումարվում է այն, որ Հայաստանի կառավարությունը հունվար-փետրվարի աջակցության հարցը որոշել է մարտին և այս մոտեցման մեջ նորություն չկա։ Նախորդ տարի էլ, երբ դարձյալ գումարները ուշանում էին, պարզվել էր, որ սեպտեմբեր ամսվա գումարների հարցը կառավարությունը հոկտեմբերին դեռ պետք է քննարկի։
«Մեկ տարվա ընթացքում, ես կարծում եմ, որ ցուցակները պետք է ավելի ստույգ լինեին, ճշտված լինեին, և մարդիկ ավելի նորմալ պետք է ստանային, էդ գործընթացը ավելի նորմալ պետք է գնար։ Հենց այսօր առավոտյան ինձ զանգել է քաշաթաղցի, որը դեռ 68-հազարական դրամը չի ստացել, իր ամբողջ ընտանիքը չի ստացել», - ասաց Կարինե Մովսեսյանը։
Նրա խոսքով, պետությունը ծննդավայր, տուն-տեղ, աշխատաքն ՝ ամեն ինչ կորցրած մարդկանց չպետք է այսպես վերաբերվի. - «Ես կարծում եմ, որ խնդիրները մեր երկու պետությունների վրա էնքան շատ են թափվել, որ մարդիկ գուցե ոչ մտածված և միտումնավոր, բայց իրանց թվում ա, որ էդ քսան հազարը ինչ ա անում, թող մի քիչ էլ ձգվի»։
Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում 20 հազար 128 տեղահանված արցախցի է ապաստան գտել, հիմնական մասը բնակվում են վարձակալած բնակարաններում։ Վարձի փոխհատուցման ծրագիր այլևս չի գործում, մարդիկ այս ամենամսյա աջակցության հույսին են, սպասումով որ մի օր սեփական տանիք կունենան։
Միլան արդեն պատրաստի ծրագիր ունի նաև այդ օրվա համար։ Արդեն Արցախի «Տատիկ-պապիկի» արձանն է նկարել, որ կախելու է ծծնդավայր Բերձորից հեռու իր «հետո»-ի տան պատին. - «Մեր տունը ավելի սիրուն ա, մեր Արցախը ավելի սիրուն ա»։