Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԳ նախարար. Անհրաժեշտ է երկարաձգել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը


Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննա, արխիվ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննա, արխիվ

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան երեկ երկրի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ընդգծել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը:

«Ճիշտ է, լարվածությունը երկու երկրների միջև պահպանվում է՝ ինչպես սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, և դա ցույց է տալիս անվտանգության երաշխիքների վստահելիության բացակայությունը, որոնք Ռուսաստանը հավակնում է բերել տարածաշրջան», - Ֆրանսիայի խորհրդարանական պաշտոնական ալիքի՝ Թվիթերում տեղադրած տեսանյութում հայտարարում է Կոլոննան:

«Այդ համատեքստում, Ֆրանսիան և Եվրամիությունն ամբողջությամբ ներգրավված են մնում Հայաստանին սատարելու գործում, ինչպես եղել են ի սկզբանե», - հավաստիացրել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնելով, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում որոշվել է Հայաստան ուղարկել Եվրամիության դիտորդական խումբ, որը տեղակայվել և գործում է հոկտեմբերի 20-ից, Կատրին Կոլոննան շարունակել է. - «Անշուշտ, որոշ միջադեպեր դեռ տեղ են գտնում, սակայն այդ առաքելությունն իրապես սահմանափակել է էսկալացիայի վտանգը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին, ինչպես անհրաժեշտ էր»:

Առաքելության ներկայությունը «պետք է երկարաձգվի այնքան, որքան անհրաժեշտ է՝ սա է մեր համոզմունքը, սա նաև հայերի ցանկությունն է», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

«Օրերս, բոլորովին վերջերս նոր հանդիպումներ են անցկացվել Բրյուսելում և Վաշինգտոնում՝ համապատասխանաբար սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ: Սա, մեր համոզմամբ, հնարավորություն է, որը պետք է բաց չթողնել, ինչպես հանրապետության նախագահն է ասել նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին, և ինչպես ես եմ պարբերաբար ասում իմ գործընկերներին, և մենք կշարունակենք մեր ջանքերը, որպեսզի այդ երկու երկրների միջև վերահաստատվի խաղաղությունը», - ամփոփել է իր խոսքը Կատրին Կոլոննան:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG