Քաղաքագետների կարծիքով՝ Արևմուտքն ու Ռուսաստանն այսօր շատ կոշտ ռեժիմով մրցակցում են համաշխարհային մասշտաբով, այդ թվում՝ Կովկասում ազդեցության համար։
Ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի՝ հետևաբար կողմերի միջև կա միմյանց նախաձեռնություններին խանգարելու ջանքը և սեփական նախաձեռնությամբ առաջ շարժվելու մղումը, և այս իրավիճակն էլ արտահայտվում է Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարություններում։
Սերգեյ Լավրովն անցած շաբաթ հայտարարեց, թե տեսնում են հայ-ադրբեջանական կարգավորումն այլ խաղացողների կողմից խոչընդոտելու փորձեր՝ միևնույն ժամանակ ֆրանսիացիներին և ամերիկացիներին մեղադրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական խումբը «թաղելու» համար։
Ընդգծելով, որ յուրաքանչյուր կողմ փորձում է պատասխանատվությունը դնել հակառակ կողմի վրա, Բադալյանը նկատում է՝ փաստն այն է, որ Մինսկի խմբի համանախագահությունն այսօր չի աշխատում և պատճառը, քաղաքական վերլուծաբանի կարծիքով, համաշխարհային մասշտաբով առկա իրավիճակն է։
Այսօր միջազգային մեխանիզմներն ընդհանրապես ճգնաժամի մեջ են և գործնականում որևէ միջազգային ձևաչափ չի աշխատում՝ ասաց Բադալյանը՝ շեշտելով՝ ԵԱՀԿ-ն և ԵԱՀԿ մանդատ ունեցող այլ ձևաչափերը չէին կարող բացառություն լինել։
«Սա է պատկերը, և մենք մեր տարածաշրջանում զգում ենք այդ պատկերի ազդեցությունը, զգում ենք ազդեցությունն այն իմաստով, որ Ադրբեջանը կարողանում է օգտվել էս իրավիճակից և, հաշվի առնելով ուժային բալանսի այն մեծ առավելությունը, որ կա Բաքվի կողմում, փորձում է ռազմական շանտաժի տարրերը կիրառելով, որոշակի քաղաքական օրակարգ կամ պայմաններ թելադրել՝ խաղալով Արևմուտքի և Ռուսաստանի էս մրցակցության վրա», - ասաց Բադալյանը։
Քաղաքագետ Միքայել Զոլյանը ևս կարծում է, որ խնդիրը Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտությունն է, որն այսօր գնալով ավելի է թեժանում։
Վկայակոչելով որոշ վերլուծաբանների ենթադրությունները՝ քաղաքագետը շեշտում է՝ Ռուսաստանը հիմքեր է նախապատրաստում ընդհանրապես ԵԱՀԿ-ից դուրս գալու համար։
«Որոշ ռուս պաշտոնյաներ ասում են, որ ընդհանրապես Ռուսաստանը ՄԱԿ-ից պետք է դուրս գա։ Այսինքն՝ ես կարծում եմ էս ամեն ինչը հակամարտության համատեքստում պետք է դիտարկել։ Մեզ համար թե դա ինչ է նշանակում, էստեղ կան և՛ վտանգներ, և՛ հնարավորություններ։ Մրցակցությունը երբեմն ձեռնտու է հատկապես մեզ, որպես հակամարտության մեջ այսօր ավելի թույլ կողմ, մենք հնարավորություն ունեինք նաև, որ եթե Ռուսաստանն ինչ-որ մի բան չի կարողանում ապահովել, գուցե ԱՄՆ-ը կամ Արևմուտքը կապահովեն և հակառակը։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք ուղղակի պետք է հետևենք այս ամենին և կտեսնենք, թե մեր շահը որտեղ է, իսկ այս հակամարտությունն, իհարկե, շարունակվելու է», - ասաց Զոլյանը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․