Մատչելիության հղումներ

Հայաստանում արձագանքում են Մինսկի խմբի վերաբերյալ Ֆիլիպ Ռիքերի հայտարարությանը


«Մինսկի խմբի փաստացի չգործելը դժվարացնում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը», - կարծում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

2.5 ամիս առաջ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ու Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական նշանակված Ֆիլիպ Ռիքերը երեկ հայտարարեց՝ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։

Ֆիլիպ Ռիքեր
Ֆիլիպ Ռիքեր

«Կարծում եմ, որ այն զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին»,- հայտարարել է դեսպան Ռիքերը՝ խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ զբաղվող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի եռանախագահության ֆորմատից։

Ամերիկացի պաշտոնյայի պնդմամբ, սակայն, նպատակն ու խմբի մանդատը պահպանվում է, չնայած խոստովանել է՝ ինքն անգամ ի վիճակի չի եղել այցելել Ստեփանակերտ։

44-օրյա պատերազմից հետո՝ երկու տարի, եռանախագահության մակարդակով բանակցությունները, փաստացի, փակուղում են։ Չնայած Հայաստանը պնդում էր հակամարտությունը հենց այս ձևաչափով կարգավորելու անհրաժեշտությունը, Ադրբեջանը հրաժարվում էր վերադառնալ բանակցություններին՝ հայտարարելով, թե Ղարաբաղի հարցը լուծված է։

Մինսկի խմբի աշխատանքը հատկապես բարդացավ այս տարվա փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահները առանձին-առանձին են այցելում Հայաստան։ Նրանք նաև նոր պաշտոններ ստացան։ Վաշինգտոնն ու Փարիզը, ինչպես պատերազմից հետո Մոսկվան, ակտիվացրեցին միջնորդական ջանքերը արդեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

Չնայած ոչ էֆեկտիվ փուլեր են եղել, բայց Մինսկի խմբից շատ ավելի լավ հարթակ չի եղել, որտեղ կողմերը նստել են բանակցելու, կարծում է ընդդիմադիր Աբրահամյանը։

«Մի կողմից Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի, երկրորդ, Հայաստանի իշխանությունների կողմից բավականին վտանգավոր հայտարարություն է հնչում, թե իրենք ուղիներ են փնտրում Արցախի և Ադրբեջանի միջև կապեր, շփումներ ստեղծելու համար: Եթե այստեղ չկա միջնորդական դերակատարությունը, եթե չկա այստեղ հստակ հարթակը, ապա այս դեպքում Ադրբեջանը ավելի մեծ հնարավորություն է ստանում կլանելու խնդիրը և լուծելու այնպես, ինչպես հայտարարում է, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը պարզապես իր վրայից գցում է Արցախի հետ կապված հարցը», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

Արթուր Հովհաննիսյանը
Արթուր Հովհաննիսյանը

Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանը թե՛ բացասականից է խոսում, թե՛ դրականը տեսնում:

«Այո, ինքնին այդ ձևաչափը ինչպես որ նախկինում էր աշխատում, հիմա այդ ձևաչափով չի աշխատում, բայց բոլոր երեք երկրները ամբողջապես ներգրավված են գործընթացում, և այսպես ասած Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները, պայմանավորված ուկրաինական հակամարտությամբ, չեն տարածվում հայ-ադրբեջանական կամ Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացների վրա, ինչն ինքնին դրական է: Բացասական արձանագրելով Մինսկի խմբի այս ձևաչափի փոփոխությունը, դրական ենք արձանագրում ներկա իրավիճակը», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Իշխանական պատգամավորն այսօր պնդում էր՝ ԼՂ-ի հիմնախնդրին վերաբերող հարցերը բարձրացվում են բոլոր հնարավոր հարթակներում։ Չնայած Հայաստանի իշխանությունն էր խաղաղության համաձայնագրի համար դիմել Մինսկի խմբին, բայց Ադրբեջանի մերժումներից հետո Երևանը արդեն հայտարարում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգելը ճիշտ է։

«Եթե մենք ասենք, որ մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չկարգավորվի վերջնական, ապա մենք Ադրբեջանի հետ չենք գնալու խաղաղության, ապա սա նշանակում է, որ՝ եկեք կռվենք այնքան, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հիմնախնդիրը, իսկ Ղարաբաղի հիմնախնդիրը, եթե նկատում ենք, 31-րդ տարին է՝ չի լուծվում, մի բան էլ ավելի, հետևաբար մենք չենք տանելու բանակցությունները փակուղի, մենք չենք վարելու այնպիսի քաղաքական քաղաքականություն, որը կարող է բերել էսկալացիայի, զուգահեռաբար մենք չենք պատրաստվում մեր կարմիր գծերից հետ կանգնել», - ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ սա չի՞ նշանակում Ղարաբաղին միայնակ թողնել ինչպես ընդդիմությունն է պարբերաբար քննադատություն հնչեցնում ձեր հասցեին, իշխանական պատգամավորն ասաց. - «Բացարձակ, մեր բոլոր գործողությունները, քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ հարաբերությունները խոսում են նրա մասին, որ մենք Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների կողքն ենք, երբեք էլ նրանց կողքից չենք հեռացել և ավելի մոտ ենք, ավելի մտահոգ ենք: Ես սա վստահ եմ ասում, քան Հայաստանի նախորդող բոլոր իշխանությունները»:

Արցախում կողմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանմանը ու ղարաբաղյան հարցը եռանախագահության ձևաչափում լուծելուն։ Միջազգայնորեն ճանաչված այդ ձևաչափում ֆիքսված է Արցախի կարգավիճակը որպես հակամարտության ու բանակցային կողմ, այսօր շեշտեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարումը, կարծում է, ժամանակավոր է, մի օր, հույս ունի, Մինսկի խմբի ձևաչափը կվերականգնվի:

«Մինսկի խմբի եռանախագահությունը որպես այդպիսին սառեցված է, կազմալուծված չէ: Ձևաչափից մենք չենք ուզում հրաժարվել, երկրորդը, դրա համար պետք է ԵԱՀԿ-ի գագաթնաժողով հրավիրվի: Խոսել, որ գիտեք, դե հիմա լավ չի, էդպես ենք որոշում, դա կառուցակարգել է պետք, պահպանել խստիվ այն, ինչ ստեղծվել է կոնսենսուսի հիման վրա: Այսինքն՝ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, չի կարող ժողովրդավարական պետությունը դրանք անտեսել», - ընդգծեց Բաբայանը:

Չնայած երկու տարվա փաստացի անգործությանը՝ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբի մանդատը պաշտոնապես չի չեղարկվել։

XS
SM
MD
LG