Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցն ավարտում է Երևանում


Հայաստանում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։ Բաքու ու Թբիլիսի այցերից հետո Երևան ժամանած Ռիքերն ու Հայաստանի վարչապետ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Կառավարությունը չի մանրամասնել, թե ինչ միջազգային մեխանիզմի մասին է քննարկում եղել, այն դեպքում, երբ Բաքուն կտրականապես մերժում է այդ հեռանկարը։

Գործադիրից միայն հավելել են, որ մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ, անդրադարձել նաև նաև հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը։

Երևանից առաջ ամերիկացի պաշտոնյան Թբիլիսիում էր, որտեղ կարևորել է Վրաստանի դերը տարածաշրջանային խաղաղության ու կայունության տեսանկյունից. - «Եվրամիության դիտորդական առաքելության միջոցով, որոնք Հայաստան են մեկնել Վրաստանից, Թբիլիսին շարունակում է նպաստել տարածաշրջանային անվտանգությանը։ Ուրախ եմ, որ կրկին հանդիպեցի վարչապետ Ղարաբիշավիլիին՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր», - Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանտան հրապարակած տեսանյութում ասել է Ռիքերը։

Իսկ Բաքվում Ռիքերը հանդիպել էր Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա տեսաուղեձում հայտարարել է, որ խաղաղության գործընթացը հեշտ չէ, և հակամարտությունը մեծ դժվարություններ ու տառապանքներ է պատճառել բոլոր կողմերին. - «Բայց ես հավատում եմ, որ խաղաղ ապագայի հույս կա։ Ես տեսել եմ իրական, խիզախ քայլեր երկու երկրների կողմից ցանկալի խաղաղության համար: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը և կոչ է անում շարունակել այս ջանքերը նաև հաջորդ տարի»։

Դեսպան Ռիքերն իր տարածաշրջանային այս այցի ընթացքում վերահաստատում է Վաշինգթոնի մոտեցումը, որ նոր էսկալացիան Միացյալ Նահանգների համար անընդունելի է, նկատում է քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանը. - «Դեսպան Ռիքերի այցելությունը տարածաշրջան շատ կարևոր է ԱՄՆ-ի վերջին շրջանի ներգրավվածության ֆոնին։ Վաշինգթոնից բերած Ռիքերի մեսիջն այն է, որ Հայաստանն ու Ադբեջանը պետք է հավատարիմ մնան խաղաղության գործընթացին, հատկապես այն բանից հետո, որ Ադրբեջանը չեղարկեց Բրյուսելում նախատեսված հանդիպումը։ Կարծում եմ, դեսպանը Ռիքերը հատկապես մտահոգված է ընդհանուր անվտանգային մարտահրավերներով, որոնց առաջ կանգնած է Հայաստանը»։

Միացյալ Նահանգները ևս ներգրավվել Հայաստանի անվտանգության պահպանման գործին. Ռիչարդ Կիրակոսյան

Ռիչարդ Կիրակոսյան
Ռիչարդ Կիրակոսյան

Ադրբեջանական ուժերը շարունակում են Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան, իսկ Արցախը պարբերաբար ենթարկվում է սպառնալիքների։ Չնայած այս հանգամանքին, Կիրակոսյանի կարծիքով, Հայաստանի սահմաններին Եվրամիության դիտորդների ներկայությամբ Միացյալ Նահանգները ևս ներգրավվել Հայաստանի անվտանգության պահպանման գործին։

Այնուամենայնիվ փաստ է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան - Ալիև հանդիպումը չի կայանա, քանի որ Ալիևը հրաժարվեց մասնակցել դրան՝ քառակողմ հանդիպման մասնակիցներից Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին անվանելով ոչ օբյեկտիվ միջնորդ. - «Ադրբեջանն ավելի վրդովված է Ֆրանսիայի նախագահի, ոչ թե Հայաստանի վարչապետի վարքագծից։ Կարծում եմ, այս պարագայում Հայաստանի դիրքորոշումը հստակ է ու ողջամիտ։ Պրահայում հոկտեմբերյան հանդիպումն ամրագրել է, որ Ֆրանսիան գործընթացի մաս է կազմում՝ լինի Մինսկի խմբի ֆորմատով, թե հետպատերազմյան միջնոդության։ Կարծում եմ Ադրբեջանը հասավ նպատակին՝ չեղարկելով առաջիկա հանդիպումը։ Բայց հիմա մարտահրավեր ունի Եվրամիությունը, ոչ թե Հայաստանը՝ նորից հանդիպում նշանակելու առումով, որի պայմանները չպետք է թելադրված լինեն Ադրբեջանի կողմից, այլ պետք լինեն Բրյուսելի կողմից՝ ողջամտության սահմաններում»։

Կիրակոսյանը վստահ է, որ մինչև տարվա վերջ Բրյուսելը կկարողանա նոր հանդիպում կազմակերպել՝ թեև առանց Մակրոնի մասնակցության, և նրա գնահատականով, բանակցությունները փակուղում չեն, քանի որ Բաքուն ամենաշատն ինքն է ցանկանում փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ՝ դուրս թողնելու Ղարաբաղի հարցը դրա օրակարգից։

XS
SM
MD
LG