Մատչելիության հղումներ

Արամ Վարդևանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը


Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը վայր կդնի պատգամավորական մանդատը։

Ֆեյսբուքյան իր էջում Վարդևանյանը գրել է, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու իր դիմումն այսօր է ներկայացնելու և այդ մասին «պարզ ու անկեղծ» քննարկում է ունեցել գործընկերների հետ:

«Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին», - գրել է Վարդևանյանը՝ տեղեկացնելով, որ այժմ վերադառնում է փաստաբանական համայնք. «անելիք շատ կա»:

Ավելի քան կես տարվա բոյկոտից ու փողոցային պայքարից հետո խմբակցությունն անցած շաբաթ մասնակցեց նիստին։ «Վերածնվող Հայաստան» կուսակցության թևը չկար նիստին։ Կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն ասաց՝ վերադարձի որոշում դեռ չունեն։ «Վերածնվող Հայաստանի» ներսում էլ խաղաղ չէ։ Պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Արթուր Սարգսյանը հեռացել են կուսակցությունից և «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորների հետ վերադարձել են խորհրդարան։ 29 հոգանոց խմբակցությունում այս պահին չորսն են ներկայացնում «Վերածնվող Հայաստանը»՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Ելենա Կիրակոսյանը և Զեմֆիրա Միրզոևան։

Անցած նիստին չի մասնակցել նաև Դաշնակցությունից Իշխան Սաղաթելյանը։ Ըստ մամուլի՝ վարչապետի հրաժարականը պահանջող Դիմադրության շարժման առաջնորդն էլ է երկմտում խորհրդարան վերադառնալու հարցում, մտադիր է մանդատը վայր դնել։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վստահեցրեց, թե առանձին պատգամավորների կողմից մանդատները վայր դնելու մասին այս պահին քննարկումներ չկան։

XS
SM
MD
LG