Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պաշտոնապես վերադարձավ խորհրդարան


Ավելի քան կես տարվա բոյկոտից ու փողոցային պայքարից հետո այսօր ընդդիմությունը պաշտոնապես վերադարձավ խորհրդարան։ «Հիմա փողոցում ժամանակավոր դադար է, և մենք լիարժեք օգտագործելու ենք խորհրդարանի գործիքակազմը», - նիստի սկզբում վարման կարգով հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգմավոր Աղվան Վարդանյանը։

«Մենք այստեղ ենք մեր օրակարգով, Հայաստանի ու Արցախի մեր քաղաքացուն հուզող կարևորագույն հարցերի օրակարգով, հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակներում այս իշխանությունը սպառնալիք է պետականության և հայկականության համար», - ընդգծեց Վարդանյանը:

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները գարնանից բոյկոտեցին Ազգային ժողովի նիստերը և Փաշինյանի հրաժարականի պահանջով ամենօրյա ցույցեր ու անհնազանդության ակցիաներ սկսեցին։ Սխալների վերլուծություն և հետևություններ արե՞լ եք՝ ինչո՞ւ ընդդիմությանը չհաջողվեց հասնել իշխանափոխության, հետաքրքրվեցինք ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանից:

«Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրն արդեն պատկերացնում է, թե որքան ամուր է կառչած իր աթոռին Նիկոլ Փաշինյանը: Ես կարող եմ մեջբերումներ անել, օրինակ, Էրդողանի հայտարարություններից, ով «Դիմադրության» շարժման ամենաակտիվ փուլում հայտարարում էր, որ կան ուժեր, ովքեր ուզում են Հայաստանի օրվա իշխանություններին հեռացնել, ռևանշիստական և այլն: Այդ արտաքին աջակցությունը, կարծում եմ, ակնհայտ է և բոլորը արձանագրել են դա: Այս փուլում չե՞նք հաջողել, այո, չենք հաջողել, հետևություններ, սխալների վերլուծություն դրանից անո՞ւմ ենք, միանշանակ անում ենք, և դա ամենօրյա ռեժիմով է տեղի ունենում: Բայց ես նորից եմ կրկնում՝ մեր նպատակների մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել», - պատասխանեց Խամոյանը:

Ընդդիմությունը փողոցային պայքարի ընթացքում այդպես էլ չհայտարարեց, թե հնարավոր իշխանափոխության դեպքում ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների առաջնորդները՝ նախկին նախագահները՝ Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ հանրահավաքների հարթակներից ելույթներ չունեցան։ Այս ազդե՞ց «Դիմադրություն» շարժման պայքարի վրա հարցրինք «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին:

«Կարծում եմ, որ մեր պայքարն առաջին հերթին Հայաստանի և Արցախի անվտանգության համար է, ուստի ցանկացած անձի վերաբերյալ քննարկում պիտի դրան ստորադասվի: Ես հասկացա, որ հարցին ուղիղ պատասխան չտվեցի, բայց կարծում եմ, տեսլականն ասացի», - արձագանքեց նա:

Միաձա՞յն է եղել խորհրդարան վերադառնալու որոշումը՝ ընդդիմադիրները չեն ցանկանում հանրայնացնել ներքին քննարկումները։ Իսկ կա՞ն պատգամավորներ, ովքեր այնուամենայնիվ չեն վերադառնա։ «Պատիվ ունեմ»-ից հստակեցնում են իրենց խմբակցությունից՝ ոչ։ «Հայաստան» խմբակցությունից չեն պատասխանում, միայն նշում են, թե այս պահին չկան պատգամավորներ, որ որոշել են մանդատները վայր դնել։

Իշխանական գործընկերները ողջունեցին ընդդիմադիրների վերադարձը. - «Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, իմ հայտարարությունը որպես այդպիսին առավել, քան կարճ է, բարի վերադարձ»:

Զուգահեռ, սակայն, իշխանականները ակնարկում էին, որ ընդդիմությունը իրականում վերադարձել է բացակայությունների պատճառով մանդատներից չզրկվելու վախից։

«Պատիվ ունեմը» որոշել է վաղվա հարցուպատասխանին չի մասնակցելու, «Հայաստան» խմբակցությունում հարցը դեռ քննարկում են:

XS
SM
MD
LG