Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանն իրեն տեսնում է Արցախի կողմից բանակցողի դերում:
Արձագանքելով Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարություններին ու ուղջունելով Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի հետ «ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը», Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։
Ալիևն այսօր հայտարարել է, որ Բաքուն չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների հետ, կշտամբել Ռուսաստանին՝ պնդելով, թե այս հարցի շուրջ բանակցություններ չեն վարելու նաև «Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ», այլ՝ պատրաստ են խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ:
Արցախի պետական նախարարն առաջարկել է անցնել ավելի կառուցողական տոնի, պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ Ալիևի, իր ունեցած «հստակ օրակարգը». «Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի»:
Ռուբեն Վարդանյանն ընդգծել է՝ երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը, նաև հայտարարել, միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան: