Բաքուն չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների հետ, այսօր Եվրամիության դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը: Միաժամանակ, նա հրապարակավ կշտամբել է Ռուսաստանին ու պնդել, թե այս հարցի շուրջ բանակցություններ չեն վարելու նաև «Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ», ով վերջերս նշանակվեց Ղարաբաղի պետնախարար:
«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված [Ռուբեն] Վարդանյանի նմանների, որի գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են։ Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով», - ասել է նա:
Հյուրերը՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրկ Շուբելն ու նրա գործընկերները, Բաքու էին մեկնել Երևանից:
«Երևանում մեզ ասացին, որ պատրաստ են խաղաղության», - ասել է պատվիրակության ղեկավարը:
Ալիևը, մինչդեռ, կասկածի տակ է առել հայկական կողմի այդ պնդումները. «Եթե անկեղծորեն ուզում են խաղաղություն, ինչո՞ւ մինչև հիմա չեն արձագանքել մեր առաջարկին, որ ներկայացրել ենք պատերազմից անմիջապես հետո», - բողոքել է նա` հիշեցնելով` պատերազմից հետո Բաքուն հինգ հիմնարար սկզբունք է առաջարկել Խաղաղության պայմանագրի համար:
Հայաստանի կառավարությունը, համաձայնելով Ադրբեջանի հինգ հիմնարար սկզբունքներին, առաջարկել էր դրանք լրացնել դրույթներով, որոնք կերաշխավորեն Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: «Դա հնարավոր չէ»,- այսօր ընդգծել է Ադրեջանի նախագահը՝ պնդելով, թե Հայաստանի կառավարության քայլերը հակասում են միմյանց:
«Նրանք ասում են, որ ճանաչում են մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ոչ միայն ասում են, այլև ստորագրել են դրա տակ Պրահայում և Սոչիում: Դա նշանակում է մեր ամբո՛ղջ տարածքի ժողովրդի ինքնիշխանությունը։ Միաժամանակ նրանք ցանկանում են խաղաղության համաձայնագրում ներառել նաև Ադրբեջանի հայ փոքրամասնությանը վերաբերող հարցեր։ Դա անհնար է», - ասել է նա։
Ալիևը քննադատել է նաև Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը, որտեղ Հայաստանի վարչապետը պնդել էր, թե Ադրբեջանը ցեղասպանություն է պատրաստում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ. «Այդօրինակ խոսքերից հետո Փաշինյանը պետք է մտածի` ինչպիսին կարող է լինել մեր արձագանքը», - զգուշացրել է Ալիևը՝ հավելելով` Հայաստանն է, որ պետք է մտածի խաղաղության մասին:
Կարճատև ելույթում Ալիևը երկու անգամ ընդգծել է, որ չի պատրաստվում այս հարցը քննարկել նաև արտաքին խաղացողների ու նրանց ներկայացուցիչների հետ` կոնկրետ մատնանշելով Ռուսաստանից Ղարաբաղ վերադարձած Ռուբեն Վարդանյանին:
«Եթե որոշ երկրներից, որոնք ես նոր նշեցի, չլինեն արտաքին միջամտություն ու Ղարաբաղի հայերի հետ մեր կապերին խոչընդոտելու փորձեր, գործընթացը շատ ավելի լավ կզարգանա», - ասել է Իլհամ Ալիևը, ով շաբաթներ առաջ էլ հստակ հայտարարել էր, թե 2025-ին ռուս խաղաղապահները պետք է Ղարաբաղից դուրս գան:
Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Ալիևին: Ողջունելով Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու` Ադրբեջանի նախագահի ցանկությունը` Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ շեշտել է` Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի։
«Կցանկանայի նաև առաջարկել ավելի կառուցողական տոնայնության անցնել և պարզաբանումներ ստանալ «հստակ օրակարգի» վերաբերյալ, որը, ըստ պարոն Ալիևի, իբր ունեմ։ Ես բազմիցս ընդգծել եմ, որ հրաժարվել եմ Ռուսաստանի քաղաքացիությունից, որպեսզի խուսափեմ մեղադրանքներից, թե Արցախում հետապնդում եմ ևս ինչ-ոչ մեկի շահերը՝ բացի Արցախի ժողովրդի շահերի։ Կարծում եմ, որ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի կողմից առաջադրված բանակցողի չափանիշին. «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ», - գրել է Ղարաբաղի պետնախարարը։