Մատչելիության հղումներ

Պատերազմի ընթացքում Ուկրաինայում զոհվել է 437 երեխա


Պատերազմի գրեթե ինը ամիսների ընթացքում Ուկրաինայում զոհվել է 437 երեխա, ավելի քան 800-ը՝ վիրավորվել, հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։

Նախագահ Զելենսկին էլ ասում է, թե այս ընթացքում Ռուսաստանը ավելի քան 4700 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Հեռավար դիմելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին՝ Զելենսկին կրկին օգնություն է խնդրել միջազգային հանրությունից խաղաղության ուկրաինական բանաձևն իրագործելու համար։ Դա ենթադրում է, որ ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն ուկրաինական տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից. - «Այն բավականին կառուցողական է և իրատեսական, ի տարբերություն բանակցություններ վերսկսելու մասին ռուսական դատարկ և կեղծ հռետորաբանության։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի աշխարհը ընդունի խաղաղության ուկրաինական բանաձևը»։

Եթե ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են, որ պատերազմին փոխարինեն բանակցությունները, ուրեմն պետք է շարունակել ռազմական աջակցությունը Կիևին, այսօր հայտարարել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարը։ Յենս Ստոլտենբերգի խոսքով, ինչ-որ փուլում բանակցություններ սկսվելու են, և այդ բանակցությունների արդյունքը կախված է լինելու ճակատում ստեղծված իրվիճակից. - «Այսպիսով, եթե մենք ցանկանում ենք Ուկրաինայի համար ընդունելի արդյունք, արդյունք, որը երաշխավորում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և ժողովրդավարությունը, դրան հասնելու լավագույն միջոցը Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելն է»:

Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լեքորնյուն իր հերթին Le Journal du Dimanche-ին ասել է, որ պատերազմը կավարտվի բանակցային սեղանի շուրջ, սակայն Ուկրաինա՛ն պետք է որոշի, թե երբ է բանակցութունները վերսկսելու ճիշտ ժամանակը. - «Այս պատերազմում կա ագրեսոր։ Եթե մենք հավատում ենք միջազգային իրավունքին և հարգում ենք սահմանները, ապա հարձակման ենթարկված պետությունն է որոշում բանակցությունների ժամանակացույցը։ Կգա մի պահ, երբ հարկ կլինի նստել բանակցային սեղանի շուրջ»։

Մինչ այդ թեժ մարտերը, չնայած եղանակային պայմաններին, շարունակվում են։

Նախագահ Զելենսկու խոսքով՝ ամենածանր բախումներն այժմ ընթանում են Դոնեցկի շրջանում։ Լուգանսկի մարզում էլ, նրա խոսքով, ուկրաինական ուժերը աստիճանաբար մարտերով առաջ են գնում:

Չնայած վերջին շաբաթներին ակտիվ շրջանառվում է բանակցությունների գնալու հարցը, սակայն Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Վլադիմիր Գավրիլովը ասում է, թե պետք է իրատես լինել, և պնդում, որ պատերազմը դեռևս առնվազն կես տարի կշարունակվի․ - «Մեզ որոշ ժամանակ է պետք ինչ-որ ռեզերվներ ստեղծելու համար։ Ռուսաստանն էլ կշարունակի նոր մարդկանց ուղարկել ճակատ։ Եվ իհարկե, այս դեպքում պատերազմը որոշակի ժամանակ կպահանջի։ Բայց իմ զգացումն այն է, որ մինչև գարնան վերջ այս պատերազմը կավարտվի»։

Ռուսական տարբեր աղբյուրներ ավելի վաղ հայտնել էին, թե ամանորի տոներից հետո իշխանությունները կհայտարարեն նոր մոբիլիզացիայի մասին՝ ուկրաինական ճակատ նոր ստորաբաժանումներ ուղարկելու համար։ Նախագահ Պուտինի մամուլի քարտուղարն այսօր նոր մոբիլիզացիայի մասին հարցին պատասխանելիս ասել է, թե Կրեմլում նման քննարկումներ չկան․ - «Ես չեմ կարող խոսել պաշտպանության նախարարության անունից։ Կրեմլում այս մասին քննարկումներ չկան»։

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարվել է նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով սեպտեմբերի 21-ին՝ Ուկրաինայում հատուկ օպերացիայի մեկնարկից յոթ ամիս անց։ Հոկտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց զորահավաքային միջոցառումների ավարտի մասին։ Ըստ պաշտոնական աղբյուրների, բանակ է զորակոչվել երեք հարյուր հազարից ավելի մարդ, նրանց շարքում արդեն կան կորուստներ։ Նոր մոբիլիզացվածներից առաջին զոհերի մասին հաղորդվեց մասնակի զորահավաքից արդեն մի քանի օր անց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG