ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Մարկ Միլլին ասել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել աջակցությունն Ուկրաինային, և դա կտևի այնքան, որքան անհրաժեշտ է:
Միլլին նշել է, թե մոտ ապագայում Ուկրաինայի լիակատար հաղթանակ ակնկալելու հիմքեր չկան, քանի որ Ռուսաստանը՝ չնայած ռազմի դաշտում վերջին ժամանակաշրջանի անհաջողություններին, այնուամենայնիվ Ուկրաինայի տարածքում տակավին ունի հզոր կարողություններ։
«Ռուսաստանը թեկուզ այսօր կարող է ավարտել պատերազմը, բայց չի ցանկանում: Նրանք ուզում են շարունակել պատերազմը, հասցնել մինչև ձմեռ, և մենք, Միացյալ Նահանգները, նախագահի ու պաշտպանության նախարարի ղեկավարմամբ կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է այդ երկրի ազատությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը երաշխավորելու համար»,- ասել է գեներալ Միլլին:
Նա նշել է, որ ռուսական կողմի հետ բանակցելու պայմանները պետք է ուկրաինացիներն ընտրեն: