Մատչելիության հղումներ

Արևմուտքի հետ բանակցությունների առնչությամբ Մոսկվայից հնչող հայտարարություններն իրարամերժ են


Ուկրաինայի շուրջ Արևմուտքի հետ բանակցությունների վերաբերյալ Մոսկվայից հնչում են իրարամերժ հայատարություններ։

«Արևմտյան երկրների հետ բանակցություններն իմաստ ունեն Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման համար», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

«Կիևի հետ աշխատելու նախկին փորձը ցույց է տալիս, որ առանց Արևմուտքի հետ խոսելու Կիևի դիրքորոշումը շատ-շատ փոփոխական է։ Ուստի, իհարկե, այսպես ձևակերպենք, Արևմուտքի հետ շփումն այս հարցով կարող է օգտակար լինել։ Քանի որ այնտեղից բխող հրահանգները Կիևը շատ բծախնդիր է իրականացնում», - հավելել է Դմիտրի Պեսկովը։

Մինչդեռ այսօր ավելի վաղ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը «ուղղակի խոսելու բան չունի» ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցում՝ «արմատապես հակադիր դիրքորոշումների» պատճառով։

Քանի դեռ բանակցությունները Մոսկվայի և Կիևի միջև չեն վերսկսվում , Մոսկվան շարունակում է ռմբակոծել ուկրաինական տարածքը, այդ թվում Զապորոզիեի շրջանը, որտեղ տեղակայված է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը այսօր բանաձև է ընդունել, որով պահանջում է Մոսկվայից դուրս բերել իր ռազմական և քաղաքացիական անձնակազմը Զապորոժիեի ատոմակայանից և դադարեցնել ամբողջ գործունեությունը ուկրաինական միջուկային օբյեկտներում:

Ռուսական կողմը բանաձևն անվանել է «ոչ պրոֆեսիոնալ, գործակալության լիազորություններից դուրս և փաստացի սխալներ պարունակող»։

Ավելի քան10 միլիոն ուկրաինացիներ մնացել են առանց էլեկտրականության

Միաժամանակ, ռուսական ուժերը շարունակում են ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը և էներգետիկ ենթակառուցվածքները, ներառյալ Զապորոզժիեի մարզը։ Մարզի Վոլնյանսկ քաղաքում ևս երկու մարդու դի են դուրս բերել նախօրեին հրթիռակոծված բնակելի շենքի փլատակների տակից։ Զոհերի թիվը միայն այս քաղաքում վերջին հրթիռակոծության հետևանքով հասել է 9-ի։

Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդմամբ, վերջին վեց օրվա ընթացքում ռուսական ուժերը գրեթե 150 հրթիռային հարված են հասցրել Ուկրաինային։ Ավելի քան10 միլիոն ուկրաինացիներ մնացել են առանց էլեկտրականության։

Զելենսկին կրկին դիմել է արևմտյան երկրներին՝ խնդրելով օգնել Ուկրաինային պաշտպանել երկինքը ռուսական հրթիռային հարվածներից․ - «Կրկին ու կրկին մենք կրկնում ենք մեր գործընկերներին, որ միայն ուկրաինական երկնքի ամբողջական պաշտպանությունը կփրկի ինչպես Ուկրաինային, այնպես էլ Եվրոպային ռուսական ագրեսիայի բազմաթիվ հնարավոր սրացումներից և միանշանակ կխրախուսի Ռուսաստանին իսկապես դադարեցնել պատերազմը»։

Զելենսկին կրկին ասում է, թե պետք չէ հավատալ կեղծ բանակցությունների մասին ռուսական պրոպագանդային, և պնդում, որ միայն ուկարինական երկինքը փակելը կստիպի Ռուսատսանին դադարեցնել պատերազմը և գնալ իրական խաղաղության։

Ուկրաինայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը «Ազատության» ռուսական ծառայության եթերում պարզաբանել է, թե ինչ է ուզում Կիևը, երբ այսօր ասում է օգնեք մեզ փակել մեր երկինքը․ - «Մենք ասում ենք՝ մեր ժողովուրդը պատրաստ է ամեն ինչ ինքնություն անել, դուք մեզ միայն հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի որոշակի հավելյալ ծավալ տվեք»։

Պոդոլյակը ասում է, թե հոկտեմբերի 10-ից ռուսական կողմը փոխել է պատերազմի բնույթը. - «Եկավ Սուրովիկին անունով սուբյեկտը, որը բացարձակապես «արդյունավետ» կռվեց Սիրիայում՝ օգտագործելով այն պահը, երբ ապստամբները չունեին հակաօդային պաշտպանություն։ Նա ուղղակի օդից ոչնչացրեց նրանց հրթիռներով և ինքնաթիռներով։ Այս սուբյեկտը, իհարկե, խորհրդակցեց պարոն Պուտինի հետ, և նրանք որոշեցին հարձակվել բացառապես քաղաքացիական թիրախների վրա, Ուկրաինայի խոշոր քաղաքների և էներգետիկ օբյեկտների վրա»։

Պատերազմի մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները և դաշնակիցները հսկայական ռազմական և ֆինանսական օգնություն են ցուցաբերում են Ուկրաինային, ինչը թույլ է տվել ուկրաինական ուժերին ստիպել ռուսներին նահանջել Խարկովի և Խերսոնի մարզերից։ Սակայն Կիևը ավելին է ուզում։

Միաժամանակ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետական մի խումբ օրենսդիրներ բանաձև են պատրաստել՝ Ուկրաինային հատկացված միջոցները վերանայելու համար: Բանաձևը կներկայացվի համապատասխան հանձնաժողովին, որի անդամները երկու շաբաթ ժամանակ կունենան կամ մերժելու նախաձեռնությունը, կամ հաստատելու դրա քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG