Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները կրակել են Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ. Արցախի ՆԳՆ


Ադրբեջանական կողմ այսօր կեսօրին կրակել է Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

Իգոր Աբրահամյանը Մարտունու ոստիկաններին հայտնել է, որ տրակտորով աշխատելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակել են իր ուղղությամբ։ 43-ամյա տղամարդը չի տուժել, վնասվել է տրակտորը։

Հացիի գյուղապետ Սանթուր Սարգսյանն ասաց՝ ստիպված են մինչև երկուշաբթի դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները. «Ժամը 11:40...այս պահին չէ, դադարեցված են աշխատանքները: {Հիմա} հանգիստ ա»:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը դեռ չի արձագանքել այս միջադեպին, բայց երեկ Բաքուն հայտնել էր, որ Ղարաբաղում ադրբեջանական ստորաբաժանումները բացահայտել և կասեցրել են Աղդամի և Խոջալուի շրջաններում «հայկական ապօրինի ստորաբաժանումների» կողմից մարտական դիրքերն ամրացնելու ինժեներական աշխատանքները»: Թե ինչպես են կանխել, չէին հստակեցրել, Արցախից էլ Բաքվի այս պնդումները չեն մեկնաբանում։

Անցած շաբաթ Արցախի ոստիկանությունը հաղորդել էր մեկ այլ՝ Ասկերանի շրջանի Խրամորթում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացու վիրավորման մասին։ Հրադադարի խախտման մեղադրանքները կողմերը գրեթե ամեն օր են փոխանակում։ Երեկ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կրակոցից շարքային զինծառայող է վիրավորվել։ Թեև ավելի ուշ ադրբեջանական կողմը կտրականապես հերքեց այս լուրը, այդուհանդերձ այսօր էլ Հայաստանի ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը վերահաստատեց տեղեկությունը:

«Վիրավորվել է շարքային զինծառայող, վիճակը գնահատվել է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 11:20-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է», - ասաց խոսնակը:

Երեկվա կրակոցները լսել էին Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում, որը սեպտեմբերյան հարձակման ընթացքում Ադրբեջանի թիրախում էր։ «Ազատության» հետ զրույցում Նորակաբի բնակիչ Կարինե Մարկոսյանը հաստատեց՝ կրակոցները դիմացի սարերից էին, ադրբեջանական դիրքերը երևում են Կարինեի տնից. «Երեկ եղել ա, վիրավոր էլ ունենք, դե որ քնած ժամանակ լինի, կարող է չիմանանք էլի»:

Ի դեպ, անցած շաբաթ ևս ժամկետային զինծառայող էր ծանր վիրավորվել նորից Կութ և Նորաբակ գյուղերի միջև տեղակայված մարտական դիրքում։ 3 օր առաջ Գեղարքունիքի մարզի մեկ այլ համայնքի՝ Կուտականի բնակիչներն էին լսել կրակոցների ձայներ։ Սովորել են այս դրանց, գյուղն ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է։ Դիմացի սարից հնչող կրակոցները Մարտին Աթանեսյանին շատ են անհանգստացրել. փամփուշտն այս անգամ նրա16-ամյա տղայի գլխի վրայով է անցել:

«Իրիկնամուտ էր, պատկերացրու, մետրի տարբերությամբ տղուս գլխի վրայով գնացին փամփուշտները, կպավ տան կտուրին, հելա, ման եկա, մեկը գտա», - պատմեց նա:

Սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ կուտականցի Մարտինի տունը գնդակոծվել էր. դուռ, պատուհան, մեքենա՝ փամփուշտներն ամենուր էին։ Արկն էլ հենց գոմի մեջ էր պայթել, կովը սատկել էր։

Բազմազավակ կուտականցին կնոջը, անչափահաս երեխաներին, այդ թվում՝ զույգ նորածիներին այն ժամանակ Երևան էր ուղարկել։ Սակայն ընտանիքն արդեն միավորվել է։ Առանց երեխաների գյուղը, տունը դատարկ է. «Ինձ ընկճում է իմ գյուղը, գյուղը չկորցնենք»:

Ասում է՝ գյուղում այս պահին հանգիստ է, թե ինչքան կտևի, չգիտի, զրույցն էլ կարճ կապեց, որ անասուններին արոտ տանի, քանի դեռ չեն կրակում։

XS
SM
MD
LG