Մատչելիության հղումներ

«Ո՞ւր գնամ, ո՞ւմ տանը մնամ». տեղահանված նորաբակցիներն ասում են՝ վախը սրտներում, բայց վերադարձել են


Ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի բազմազավակ ընտանիքի երեխաները վեր են թռչում ամեն մի ուժեղ ձայնից: 6 անչափահասների մայրը՝ Կարմելա Կարապետյանն է պատմում՝ ամեն մի շխկոցից երեխաները դուրս են վազում՝ վախենում են, որ ադրբեջանցիներն են նորից հարձակվել. «Գիշերը՝ 12-ն անց 1-ի կողմերն էր, կրակոց եղավ սեպտեմբերի 13-ին, այդ պահին արդեն հելանք դուրս, իմ հագին ինչ եղել է, դա է եղել»:

Սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ Նորաբակը ուղիղ ադրբեջանցիների թիրախում էր. գյուղից կանայք ու երեխաները տարհանվել էին այդ օրերին։ Թեև վտանգը հիմա էլ կա, կրակոցներ պարբերաբար լսում են, ադրբեջանցիների դիրքերն էլ երևում են հենց տներից, տեղահանվածների մեծ մասը վերադարձել է։ Ի դեպ, մի քանի օր առաջ ծանր վիրավորված ժամկետային զինծառայողի վրա կրակել էին հենց Կութ և Նորաբակ գյուղերի միջև տեղակայված մարտական դիրքում։

Նորաբակցիներն ասում են՝ գյուղն ու դիրքերը կպած են իրար, զինվորների հետ են ապրում, դժվար է ասել՝ գյուղի՞ վրա են կրակում, թե՞ դիրքերի։

Բազմազավակ ընտանիքի հայրը պայմանագրային է, ժամանակավոր է տուն եկել, կինը մտահոգ է՝ եթե հանկարծ նորից սահմանին իրավիճակը լարվի, ինչպե՞ս է 6 մանկահասակ երեխաների հետ միայնակ պաշտպանվելու. «Ես ո՞ւր գնամ, ո՞ւմ տանը գնամ, մնամ, ինչքա՞ն էս մեկի, էն մեկի տունը գնաս, մնաս: Ի՞նչ անեմ, գիշերն էթամ, առավոտը գնամ, ես չգիտեմ՝ արդեն ինչ անեմ»:

Նորաբակում, ըստ տեղացիների, այսօր մոտ 50-60 ընտանիք է ապրում։ Երեխաները միայն մի տեղ ունեն գնալու՝ դպրոց: Ասում են՝ գյուղի շունչն է։ Սա էլ չլինի, գյուղը չի լինի. «Դպրոց չլինի, պարզ է՝ ոչ մեկն էլ այստեղ չի մնա, երեխեքին կտանենք»:

Կարինե Մարկոսյանը տարրական դպասարաններին է դասավանդում։ Կարմելայի դուստրերից մեկի՝ Լիանայի ուսուցիչն է։ Ընդամենը 2 աշակերտ ունի, բայց ասում է՝ թեկուզ մեկը լինի, դպրոցը պիտի պահել. «Ի՞նչ անենք….դժվար է սահմանամերձ գյուղում ապրելւ ահավոր դժվար է, մանավանդ այս դեպքերից հետո»:

Նորաբակցի աշակերտները դասագրքերից չէ, որ սովորում են՝ ինչ բան է պատերազմ, հայրենիք:

«Ուրիշ դպրոցներում կարող է երևակայորեն պատմում են, երեխաները երևակայում են, իսկ այստեղ իրենց աչքով տեսնում են, իրենց մաշկի վրա զգում են, տան կորստի պահն էլ զգացին, հայրենասիրությունն էլ զգացին՝ ինչ է», - ասում է նա:

Տիկին Կարինեն ամուսնու և որդու հետ է ապրում Նորաբակում։ Ցրտերի հետ էլ ավելի կդժվարանա գյուղի կյանքը, բայց ասում է՝ թող միակ խնդիրը բուքը լինի, կդիմանան, կարևորը վերևի սարերից չանհանգստացնեն. «Իրենց մեքենաները գնում-գալիս են, մենք տեսնում ենք: Օրինակ՝ ամառը անասունները պահելիս ահավոր դժվար էր, մի հոգի դաշտ չէին գնում, երկու-երեք հոգով, որպեսզի անասունը, գնում է առաջ, նրանք էլ կրակում են:

Երկու անգամ իմ տղու վրա կրակել են, ոտքերի տակ է ընկել էդ գնդակը»:

Վտանգը միշտ կա, պարզապես կրակոցներին արդեն սովոր են։ Փախչելու ոչ տեղ ունեն, ոչ էլ ցանկություն։ Ցերեկը գործերով են ցրվում, գիշերն է բարդ, արևը մայր մտնելուն պես քնում են, որ չտեսնեն դիմացի սարի լույսերը:

«Աշխատում եմ լույսներն անջատել, մտնեմ տուն, չնայեմ դրանց կողմը: Տրակտորի ձայնը լսում ենք, վարուցանք ենք անում, նորցի մեր առօրյա կյանքով ենք զբաղվում: Բոլորն էլ աշխատում են, ոչ մեկը չի ուզում թողնի ստեղը, գնա, ուղղակի չգիտեմ՝ ինչ քաղաքականություն է պետք, պետությունը պետք է ժողովրդի կողքին լինի, որ չլքեն այս տարածքները: 30 տարի այստեղ տուն-տեղ եմ դրել, զրոյից նորից սկսել եմ, էսքանից հետո թողնեմ, նորից ուրիշ տեղ փախստական դառնա՞մ, չեմ ուզում», - ասում է տիկին Կարինեն:

«Եթե գյուղը դատարկվի, զինվորի թիկունքին, իհարկե, ոչ մեկը չի լինի, հետևաբար պետք է գյուղում վերաբնակեցնենք, շահագրգռեն մարդկանց վերադառնալու կամ վերաբնակվելու», - հավելում է Մաթեմատիկայի ուսուցիչ Թաթուլ Պետրոսյանը:

Նա դասերից հետո արտադրամաս է գնում, պանիր էին ժամանակին այստեղ պատրաստում, հիմա գործարանը կանգնած է, տարածքը օգտագործվում է չիր սարքելու համար, բայց այդպես վարկերը չեն փակվի. «Կառավարության մի մոտեցում է պետք, բանկերի հետ ունենք պայմանագիր, իրենց պայմանագրի տերն են: Համենայն դեպս, պետք է աշխատեն, աշխատատեղ լինի, ոչ թե բոլորը հավաքվեն մի տեղ՝ Երևանում»:

Գյուղի շունչը պետք է պահել, բայց նորաբակցիներն ասում են՝ առանձնապես չեն զգում պետական այրերի մտահոգությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG