Անհնար է՝ հրացանի կրակոց էլ լինի ու «գյուղում չլսենք», ասում է նորաբակցի Թաթուլ Պետրոսյանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է հայտարարել, թե հայկական կողմը երեկ երեկոյից կրակ է բացել Քելբաջարի իրենց դիրքերի վրա: Ըստ հաղորդագրության՝ կրակել են Բասարքեչարի շրջանի Ազիզլի բնակավայրի ուղղությունից. սա Գեղարքունիքի Վարդենիսի տարածաշրջանի Նորաբակ գյուղն է:
«Չենք լսել, տենց բան չկա մեզ մոտ, որ լինում է, լսում ենք էլի, որովհետև անասունները դաշտում են գյուղացիների, իմանում ենք էլի` ինչ է կատարվում», - նշում է Նորաբակ համայնքի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը:
Պաշտոնական Բաքվի հայտարարությունը հերքում է նաև Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է», - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
Մեկ տարի առաջ՝ մայիսի 12 -ին ադրբեջանական ստորաբաժանումները հատեցին Հայաստանի սահմանն ու խորացան մի քանի կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հատվածում ու Վարդենիսի տարածաշրջանի մի քանի գյուղերի, այդ թվում` Նորաբակի ուղղությամբ: Գյուղի տարածքում այժմ հայ և ադրբեջանցի զինվորները մի քանի տասնյակ մետրերի հեռավորության վրա են։
Շաբաթ օրը ադրբեջանական կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել Սոթքի հանքավայրի հորատող մեքենավար Արմեն Մաթևոսյանը: Նա դեռևս Վարդենիսի զինվորական հոսպիտալում է, վիրահատվել է, ապաքինվում է:
Զինավոր Մաթևոսյանը վիրավորում ստացած Արմենի հորեղբայրն է, նա էլ է հանքում աշխատում: Ադրբեջանական կրակոցն, ասում է, թիրախային է եղել՝ մոտ տարածքից, միլիմետրի տարբերությամբ սրտին չի դիպել. «Թիկունքի սրտի կողմից փամփուշտն ամբողջությամբ մեջով անցել է, հատկապես հանքի մոտակա տարածքներում թուրքերի գործունեությունն ակտիվացել է, նրանք փորձում են իրենց դիրքերն ավելի մոտեցնել հանքի չորս կողմը»:
Շաբաթ օրը հանքավայրը գործունեությունը դադարեցրել էր, աշխատակիցները տարհանվել էին։
«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն «Ազատությանը» հայտնեց` կիրակի օրը առավոտյան հանքավայրը վերսկսել է իր աշխատանքները. «Մինչ այսօր աշխատում է իր բնական հունով, և կրակոցներ Սոթքի հանքավայրի ուղղությամբ տեղի չեն ունեցել այս վերջին երկու օրվա ընթացքում»:
Սոթքի հանքավայրը շուրջ 700 աշխատակից ունի։ 44-օրյա պատերազմից հետո, երբ եռակողմ հայտարարությամբ Քարվաճառի շրջանն անցավ Ադրբեջանին, հանքի մի մասը անցավ Ադրբեջանի հսկողության տակ, որևէ աշխատանք այդտեղ չի կատարվում։ Ընկերությունից ասում են՝ հանքի որ մասն է ադրբեջանական, դժվար է ասել, սպասում են` դեմարկացիա- դելիմիտացիա սկսվի։ Գործընթացի ժամկետները հայտնի չեն։