Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայող Պարույր Խաչատրյանի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
Զինծառայողի վիճակը երեկ ծայրահեղ ծանր էր գնահատվել։
«Զինվորական հոսպիտալում վիրահատել են։ Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, և գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ», - ասաց Թորոսյանը։
Ըստ Քննչական կոմիտեի՝ ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի ձախ կեսի շրջանում։
«Ազատության» տեղեկությամբ՝ ժամկետային զինծառայողը վիրավորվել է Վարդենիսի տարածաշրջանի Կութ և Նորաբակ գյուղերի միջև տեղակայված մարտական դիրքում։
Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանի տեղեկացմամբ՝ երեկ գյուղում կրակոցների ձայները լսելի էին, սեպտեմբերի 13-ի մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմն այս ուղղությամբ չի առաջացել, բայց, համայնքապետի խոսքով, նոր դիրքեր են ավելացել։ Այս ամենին ականատես են եղել նաև օրեր առաջ գյուղ ժամանած Եվրամիության դիտորդները։
«Հա, տեսել են, գյուղից երևում է էլի։ Ճանապարհով հաշվի երկու կիլոմետր է, օդայինը՝ մեկուկես հազիվ լինի», - ասաց Նորաբակ համայնքի ղեկավարը։
Համայնքապետն ասում է՝ եվրոպացիներին ցույց տալու ոչինչ չկար, գյուղից երևում են այն ադրբեջանական դիրքերը, որ տեղակայվել են հայկական տարածքում նախորդ տարվա մայիսից։ Եվրամիության դիտորդները հոկտեմբերի վերջից սկսեցին պարեկություն իրականացնել Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի այն հատվածներում, որտեղ սեպտեմբերին մարտական գործողություններ էին ծավալվել։ Գեղարքունիքի մարզպետի տեղեկացմամբ ՝ 8 դիտորդներ են այս մարզի սահմանային շուրջ 12 բնակավայրերում: Արդյոք տեղեկացվել են, որ ադրբեջանական զինուժի կրակոցից զինծառայող է վիրավորվել:
«Վերջին օրերին չենք հանդիպել իրենց հետ, քննարկում չենք ունեցել, բայց վստահ եմ, որ իրենք դրանք անպայման իրենց մոտ նշում են, մեր կողմից ևս մարդ կա իրենց մոտ, որ ամեն օր նաև իրենց հետ այդ աշխատանքներին մասնակցում է, տեղյակ է պահում ամեն խախտման հետ կապված», - ասաց մարզպետը:
Կարեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ դիտորդները զեկույց են պատրաստելու՝ ներառելով հրադադարի խախտման բոլոր դեպքերը:
Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությունն անհանգիստ է եղել նաև այս գիշեր, ռազմական գերատեսչությունից տեղեկացնում են՝ ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից բացի, նաև ականանետ է կիրառել։
Պաշտոնական Բաքուն հակառակն է պնդում՝ հայկական ստորաբաժանումներն են Վերին Շորժայի կողմից կրակ բացել իրենց հսկողության տակ անցած Քելբաջարի Բազիրխանա գյուղի ուղղությամբ։
«Մինչև իրենց հաղորդագրության տարածումը Պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել էր, որ նոյեմբերի 10-ից 11-ի գիշերը սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել։ Իսկ իրենց հաղորդագրության մասով կարող եմ հայտնել, որ դա հերթական ապատեղակատվությունն է», - ասաց Թորոսյանը։
Հերքում է տարածել նաև Արցախի պաշտպանության նախարարությունը․ - «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գիշերը կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։
Պաշտոնական Երևանն ու Բաքուն գրեթե ամեն օր են միմյանց մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու համար։
Երեկ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը կրկնեց՝ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներում տեղակայված իր դիրքերի միջև փոխհրաձգություն է իրականացնում Հայաստանին մեղադրելու համար:
Հրադադարի խախտման անհիմն մեղադրանքները, կեղծ լուրերի տարածումն, ըստ վարչապետի, նոր ագրեսիայի նախաբան է դառնում, փորձն է ցույց տալիս։