Մատչելիության հղումներ

2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը արցախահայերի սպանության 54 փորձ է արել․ Փաշինյան


Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը իր քաղաքացիներն են, սակայն կրակում է նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես է արձագանքել շաբաթ օրը Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի խախտման դեպքին։

Խրամորթ գյուղի 45-ամյա բնակիչը շաբաթ երեկոյան էր վիրավորել ադրբեջանական զինուժի կրակոցից, երբ համագյուղացու հետ դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը խաղաղ բնակիչների սպանելու 54 փորձ է ձեռնարկել, որի հետևանքով 3 խաղաղ բնակիչ սպանվել է, 16-ը՝ վիրավորվել: Սա՞ է Ադրբեջանի՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է» նարատիվի իրականացում», - «Թվիթեր»-ում գրել է վարչապետը:

Հրադադարի խախտման նյութերը ռուսական խաղաղապահ զորակազմին տրամադրելուց հետո, երեկ երեկոյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է խաղաղ բնակչի ուղղությամբ։

«Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առթիվ», - ասված է հաղորդագրության մեջ:

45-ամյա Արտիկ Հայրապետյանը «Ազատությանը» պատմեց, որ հրադադարի խախտումը եղել է ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Իսկ խաղաղապահները տեղում են եղել գյուղացիների անվտանգ աշխատանքը երաշխավորելու համար, քանի որ վերջին օրերին սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանը կրակել է գյուղտեխնիկայի ուղղությամբ։

«Խաղաղապահները կանգնել են, երաշխավորել, մտել ենք դաշտ, որ աշնանացանը սկսենք, ասին՝ «աշխատանքն արխային արեք», - ասաց Հայրապետյանը:

«Ազատության» հարցին՝ իսկ խաղապահներն ի՞նչ ասացի, որ իրենք այնտեղ էին, բայց կրակոցներ կային, նա պատասխանեց. «Ոչ մի բան, իրենք ինձնից ավելի էի վախեցել»

Իր արտը մշակող Արտիկ Հայրապետյանը բեկորային վիրավորումներ է ստացել դեմքի ձեռքերի շրջանում։ Հիվանդանոցում առաջին բուժօգնություն ստանալուց հետո գյուղ է վերադարձել, բայց աշխատանքներ շարունակելն, ասում է, այլևս անհնար է։ Գյուղացին կորցնում է իր միակ եկամուտը, «Արցախ Թիվի»-ի հետ զրույցում ահազանգել է Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը։

«Եթե աշնանացանի սերմերը չցանեն, ապա հետո ուշ կլինի, դառնում է, որ մենք կորցնում ենք ևս մեկ տարի բերքահավաքի հետ կապված: Հիմնական մտահոգությունը հենց այդ է», - նշեց Ապրեսյանը:

Հրադադարի խախտման փոխադարձ մեղադրանքները վերջին շրջանում կրկին ամենօրյա են դարձել։

Այսօր արդեն Հայաստանի պաշտպանության նախարարությունն է հերքեց ու ապատեղեկատվություն որակեց Բաքվի պնդումը, թե հայկական ստորաբաժանումները կիրակի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նաև հայտարարել է, թե գիշերը 4-ին հայկական կողմը Արցախում կրակել է Մարտունու ուղղությամբ։ Այս պնդումն էլ հերքել է Արցախի պաշտպանության բանակը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանում հրաժարվեց խոսել սահմանային իրավիճակի մասին։

Զարմանալու բան չկա, սադրանքներն անընդհատ եղել են և առաջիկայում էլ լինելու են, իշխանական պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի արձագանքն է վերջին օրերի կրակոցներին:

«Սադրանքները շարունակվում են ադրբեջանական զինուժի կողմից, և որևէ զարմանալու բան չկա: Մենք ինչքան հիշում ենք մեր պատմությունը, անընդհատ այդ սադրանքները եղել են և կարծում եմ՝ առաջիկայում էլ ունենալու ենք, մենք պետք է պատրաստ լինենք այս ամենին», - ընդգծեց Խաչատրյանը:

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ «Թվիթեր»-ում գրել է, թե Ադրբեջանի ամենօրյա հարձակումները Հայաստանի սուվերեն տարածքի վրա փաստաթղթավորված են ԵՄ դիտորդների կողմից։ Եվրոպական առաքելությունը իր դիտարկումների մասին հրապարակային հայտարարություն չի տարածել։

XS
SM
MD
LG