Հայաստանի և Արցախի ռազմական գերատեսչությունները հերքում են սահմանին ՀՀ Զինված ուժերի և Արցախում Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծությունների մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - իր հերթին, հայտարարում է Արցախի Պաշտպանության բանակը։
Ադրբեջանի ՊՆ-ը այսօր հաղորդել է Հայաստանի Զինված ուժերի կողմից Քելբաջարի շրջանում տեղակայված և Արցախի Պաշտպանության բանակի կողմից Մարտունու շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի գնդակոծությունների մասին, որոնց ի պատասխան իբր «համարժեք միջոցներ» են ձեռնարկվել։