Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել 2010 թվականին բանակում մահացած Արտակ Նազարյանի գործով և արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները նախ չեն երաշխավորել զինծառայողի կյանքի իրավունքը, հետո էլ ձախողել են գործի անաչառ քննությունը:
Ստրասբուրգյան դատարանը, մասնավորապես, նշել է, որ քրեական հետախուզության ընթացքում թույլ են տրվել մի շարք լուրջ անճշտություններ, որոնք հայաստանյան դատավարությունների ընթացքում, ապա` Կառավարության կողմից Եվրոպական ատյանին ներկայացված բացատրություններում պատճառաբանվել են որպես «տեխնիկական» կամ «մեխանիկական» սխալների հետևանք։
Հաշվի առնելով այդ թերությունները` հարազատները կասկածի տակ էին դնում պաշտոնական վարկածը, թե Նազարյանն ինքնասպանություն է գործել: Եվրոպական դատարանին ներկայացված գործը, սակայն, թույլ չի տվել պաշտպանել ենթադրությունը, որ լեյտենանտին սպանել են: Միաժամանակ, դատարանն ընդգծել է, որ «պետությունը պատասխանատվություն է կրում ծառայության ընթացքում ինքնասպանության գնացած զինվորի համար, որը ենթարկվել է նվաստացման ու վատ վերաբերմունքի»:
«Զինված ուժերում հոգեբանական օգնության համակարգի բացակայության պատճառով նման աջակցություն Արտակ Նազարյանին չի ցուցաբերվել՝ չնայած ակնհայտ ռիսկին, որ նա կարող է ինքնասպան լինել», ֊ հայտարարել է Եվրոպական դատարանը` պարտավորեցնելով Կառավարությանը Նազարյանի հարազատներին վճարել 20 հազար եվրո որպես ոչ-նյութական փոխհատուցում և 3500 եվրո` դատական ծախսերի համար։
Լեյտենանտ Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար մեղավոր էին ճանաչվել նրա հինգ ծառայակիցները. 2013֊ին դատարանը նրանց դատապարտել է 3-10 տարվա ազատազրկման: