Մատչելիության հղումներ

Փաստաբանը միջնորդեց հետմահու դատահոգեբանական փորձաքննություն անցկացնել


Միջնորդություն՝ հետմահու դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00
Երեք տարի առաջ բանակում մահացած 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանության հասցրած կապիտան Հակոբ Մանուկյանի փաստաբանը դատարանին միջնորդում է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն անցկացնել։

Նման փորձաքննություն նշանակվել էր ավելի վաղ։

Փաստաբան Հրանտ Գևորգյանը կարծում է, որ Նազարյանի վերաբերյալ ավելի վաղ արված հետմահու դատահոգեբանական փորձաքննությունը թերի է, անհիմն ու չի արտացոլում իրականությունը։ Նա այսօր Վերաքննիչ դատարանում հայտարարեց, որ իրականում ինքնասպանության վարկածի հիմքում ընկած է այս փորձաքննության եզրակացությունը։Այս եզրակացության հիման վրա են քննիչները մեղադրանք առաջադրել Նազարյանի 5 զինակիցներին՝ պնդելով, որ նրանց վատ, ստորացնող վերաբերմունքի պատճառով է լեյտենանտը ինքնասպանության դիմել։

Փաստաբանը նշեց, որ փորձաքննության հեղինակներից մեկը՝ Էլդա Գրինը առաջնորդվել է նախաքննության վարկածով, օգտվել է միայն քննիչների եզրահանգումներից, ինչպես նաև եզրակացությանը հակասող եզրակացություն է տվել։

«Փորձագետը մի կողմից հանգուցյալ Արտակ Նազարյանի աֆեկտիվ վիճակը որոշել էր և մյուս դեպքում բացառել էր, որ հնարավոր է՝ ալկոհոլային խմիչք օգտագործած անձի աֆեկտային վիճակը որոշելը։ Փորձագետը ժխտել է հենց իր իսկ տված եզրակացությունը»,- ասաց Գևորգյանը։

Դատահոգեբուժական փորձագիտական եզրակացության մեջ տեղ էր գտել նաև, ըստ պաշտոնական վարկածի, Նազարյանի թողած երկտողը: Երկտողում գրված է հետևյալը. - «Էս քայլին ես դիմում եմ ստիպված, հոգնած ամեն, ամեն, ամեն ինչից, իմ ծնողների դաստիարակությունից, կյանքում տեղս չգտնելուց, երազել չկարողանալուց: Ոչ ոք մեղավոր չէ, ոչ ոք, միայն ես ու իմ ծնողները»: Գրինը նշել էր, որ սա Նազարյանի ձեռագիրն է։ Մինչդեռ Նազարյանի հարազատները շարունակում են պնդել, որ դա իր ձեռագիրը չէ, այնտեղ կան սխալներ, որոնք Նազարյանը թույլ տալ չէր կարող։

Կապիտան Հակոբ Մանուկյանի փաստաբանի այս միջնորդությունը կարևորեցին նաև Արտակ Նազարյանի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը։

Կապիտան Մանուկյանը Տավուշի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ տասը տարվա ազատազրկման է դատապարտվել։ Նրա փաստաբան Գևորգյանը ևս երկու միջնորդություններ ներկայացրեց, որոնք, ըստ նրա ու տուժող կողմի, եթե դատարանը բավարարի, ապա Տավուշի մարզի զորամասերից մեկում երեք տարի առաջ տեղի ունեցածի իրական պատկերը հնարավոր է պարզվի։ Մի միջնորդությունը վերաբերում է այս գործով առանցքային վկա Արման Մնացականյանի հարցաքննության տեսաձայնագրությանը։ Ըստ պաշտպանական ու տուժող կողմերի, Մնացականյանն այդ տեսագրությունում քննիչի հարցերին կցկտուր է պատասխանում, հիմնականում այո կամ ոչ ասելով։ Մինչդեռ նրա հարցաքննության արձանագրությունում նշված արտահայտություններն ու նախադասությունները չեն արտացոլում նրա խոսքերը։

Մյուս միջնորդությունը վերաբերում է զորամասի գրանցամատյաններին։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան բերված գրանցամատյանները, ըստ պաշտպանական ու տուժող կողմերի, կասկած են հարուցել։ Կողմերը պնդում են, որ դրանք կազմվել են ավելի ուշ։ Այդպիսով կոծկվել է այն, ինչ կապված է Նազարյանի մահից հետո հենակետում զինվորների կալանավորման հետ։ Նրանց բոլորին, ըստ պաշտոնական վարկածի, կալանել են խախտումների համար։ Մինչդեռ տուժող ու պաշտպանական կողմերը պնդում են, որ զինվորները անօրինական են պահվել կալանքի տակ՝ անազատության մեջ հայտնվելով ոչ այլ խախտումների, այլ Նազարյանի հետ կատարվածի պատճառով։

Այս գործը քննող դատախազ Հարություն Հարությունյանն այսօր դատարանում կրկին հայտարարեց, որ գործը քննվել է համակողմանի, իսկ կողմերի կասկածները ընդամենը անհեթեթություն են։

Ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանական կողմերը համոզված են, որ եթե այս գործը քննվեր օբյեկտիվորեն, ապա մեղավորի աթոռին կնստեին ոչ այն 5 զինվորները, որոնք դատապարտվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG