Մատչելիության հղումներ

Դատաբժիշկը պնդում է, թե «տեխնիկական վրիպակ» է թույլ տվել


Արտակ Նազարյան
Արտակ Նազարյան
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սպա Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատական նիստի ընթացքում որպես վկա ցուցմունք տվեց գործով դատական բժիշկ Վիգեն Ադամյանը:

Դատական նիստը բավավական լարված մթնոլորտում անցավ: Նախքան ցուցմունք տալը վկան հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ինքը եզրակացությամբ մեջ «տեխնիական վրիպակ» է թույլ տվել:

«Խոսքը «հայտնաբերվել են կրծքավանդակի ձախ կեսի ձախ բազկի շրջանի արյունազեղումներ» հատվածին է վերաբերում: Դա ուղղակի մեխանիկական սխալ էր, նման վնասածք չի եղել ոչ նկարագրականում, ոչ դեպքի վայրի տեղատեսության արձանագրությունում, սա ուղղակի տպագրական սխալ է», - ասաց Ադամյանը:

Պատասխանելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի հարցերին՝ վկան ասաց, որ եզրակացության մեջ նշված «մահվանից ոչ շատ առաջ» արտահայտությունը հնարավոր է լիներ մահվանից 3-5 օր առաջ: Մինչդեռ, ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, բժշկական այդ տերմինը նշանակում է «մահվանից րոպեներ առաջ»:

Այդ պնդումը հանգեցրեց վիճաբանության, Մարտիրոսյանը նաեւ հայտարարեց, որ վկան ակնհայտ կեղծ ցուցմունքներ է տալիս՝ հակասելով իր եզրակացությանը: Լարված մթնոլորտը հանդարտեցնելու համար դատարանը ընդմիջում հայտարարեց:

Պաշտպանական կողմը Վիգեն Ադամյանին հարցեր ուղղելու հնարավորություն չունեցավ, քանի որ ընդմիջումից հետո արդեն բժիշկը դատարանի շենքում չէր: Ինչպես կողմերն էին շեշտում, Ադամյանը «պարզապես ճողոպրել էր»:

Կողմերը, բացի մեղադրող դատախազից, միջնորդություն ներկայացրեցին դատարանին, որ Ադամյանին կրկին հրավիրեն դատարան, սակայն դատավորը չբավարարեց միջնորդությունը՝ հայտարարելով, որ դրանք բավարար պատճառաբանված չեն:

«Ինչի՞ համար հրավիրել, ի՞նչ հարցերի շուրջ հարցաքննել», - ասաց դատավորը:

Ադամյանին դատարան հրավիրելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը մասնակիորեն բավարարվեց, որոշվեց նրան հրավիրել նոյեմբերի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG