Հոկտեմբերի 31-ին Սոչիում պետք է հանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, իսկ այսօր ՀԱՊԿ-ը կքննարկի հայ - ադրբեջանական սահմանային բախումների հարցով գործուղված դիտորդների զեկույցը և դրա հիման վրա Հայաստանին օգնելու ջանքերը:
Նախօրեին Ռուսաստանի ղեկավարը մասնակցել է «Վալդայան ակումբի» քննարկումներին և մեկնաբանել է միջազգային քաղաքական ասպարեզում տեղի ունեցող հիմնական զարգացումները:
Պատասխանելով հայ - ադրբեջանական բանակցային գործընթացի մասին հայ փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին, Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը հավանություն կտա Հայաստանի համար ընդունելի ցանկացած տարբերակին, սակայն իր կողմից որևէ ճնշում չի բանեցնի:
Պուտինի փոխանցմամբ, Ռուսաստանը տարիներ շարունակ երկխոսություն է վարել հայկական կողմի հետ և առաջարկել է Ղարաբաղի խնդիրը կարգավորել մի տարբերակով, ըստ որի Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձներ 7 շրջաններից 5-ը:
«Հայաստանը հսկողություն ուներ Ադրբեջանի 7 շրջանների նկատմամբ: Մենք ասում էինք՝ գնանք հարաբերությունների բարելավման: Կան երկու խոշոր շրջաններ՝ Քելբաջարը և Լաչինը, ինչ-որ փուլում վերադարձրեք Ադրբեջանին մնացած 5 շրջանները, դրանք պետք չեն, դատարկ են, մարդիկ հեռացել են, նրանց փաստորեն վտարել են այնտեղից: Ինչո՞ւ պահել, ոչ մի իմաստ չկա: Իսկ Ղարաբաղի հետ կապի համար այդ երկու շրջանները՝ հսկայական, ի դեպ, միանգամայն բավական են, դա նաև արդար կլիներ՝ փախստականները կվերադառնային: Դա լավ քայլ կլիներ նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Բայց հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով, և դա հանգեցրեց այն վիճակին, որն այսօր է հաստատվել», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Անդրադառնալով կարգավորման տարբերակներին, Պուտինն ասել է՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ այդ պայմանագիրն, իհարկե, անհրաժեշտ է:
«Եվ մենք աջակցում ենք խաղաղ կարգավորումը, ինչպես և սահմանազատումը և սահմանի խնդրի ամբողջական կարգավորումը: Մենք դրա կողմնակիցն ենք, իսկ թե ո՞ր տարբերակն ընտրել՝ դա հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության գործն է: Ցանկացած դեպքում, որ տարբերակն էլ ընտրվի՝ եթե այն կբերի խաղաղության, մենք կողմ կլինենք», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա ընդգծել է, որ Մոսկվան այս հարցում մտադիր չէ որևէ բան պարտադրել կամ թելադրել հայկական կողմին:
«Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը համարում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի տարբերակներից մեկը, որքան ես գիտեմ, «վաշինգտոնյանը» ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանություն ամբողջ Ղարաբաղի վրա: Դե եթե Հայաստանն այդպես է համարում՝ խնդրեմ: Մենք կսատարենք հայ ժողովրդի ցանկացած որոշմանը: Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը համարում են, որ Ղարաբաղն ունի յուրահատկություններ, որ հարկ է դրանք հաշվի առնել և ներառել ապագա խաղաղ պայմանագրում, ապա դա էլ է հնարավոր, բայց անպայման դա պետք է համաձայնեցնել նաև Ադրբեջանի հետ: Դա շատ բարդ, հիրավի, շատ ծանր հարց է», - նշել է Ռուսաստանի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը և դաշնակիցը, ուստի Ռուսաստանը, նկատի առնելով նաև Ադրբեջանի շահերը, կողմնորոշված կլինի դեպի այն առաջարկները, որոնք ինքը Հայաստանը կներկայացնի: